Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/650

Այս էջը հաստատված է

պես. շրթունքներն ուռել կապտել էին, շրջապատված լայն սևավուն շրջանակներով. կիսարար կոպերի տակից պլպլում էին աչքերի սպիտակուցները ապակու անկենդան փայլով։ Սկզբում ինձ թվաց, թե արդեն մեռած է, բայց հետո տեսա, որ կուրծքը վեր ու վար է անում, և կիսաբաց շրթունքներից մի թեթև հևք է լսվում։

Հիվանդի զարկերակը քննելուց հետո բժիշկը ետ նայեց, մատով մոտ կանչեց աղախնին և, դառնալով մոտը կանգնած տանտիրուհուն, խնդրեց, որ հիվանդի հագուստը հանեն։

Այլևս անհարմար համարելով իմ ներկայությունը, ես դարձա և դուրս գնացի առաջին իսկ դռնով։ Սկզբում չիմացա, բայց հետո տեսնեմ՝ մտել եմ հյուրասենյակը, ուր այդ երեկո տեսակցություն ունեցա Սառայի հետ։ Ահա այն աթոռը դռան մոտ, որի վրա նստած էր Սառան, և մի րոպե ինձ թվաց, թե ականջումս դեռ հնչում են նրա ցասմնալից խոսքերը և ապա աղեկտուր հեծկլտանքը։ Ինչ էր պատահել այնուհետև, երբ, այդ տեսակցությունից հետո, ես թողի նրան ուժգին հիստերիկայի մեջ,— այդ մասին ոչինչ չգիտեի, բայց ինձ համար միանգամայն պարզ էր, որ մեր չարաբաստիկ խոսակցությունը ճակատագրական դեր էր խաղացել Սառայի հետագա վիճակի մեջ։ Իսկ այդ վիճակի հետևանքը ես այժմ տեսա աչքիս առջև։ Թեև մի կողմից ինքս ինձ արդարացնում էի նրանով, որ մտածում էի, թե այդ բոլորը կատարվել էր և պիտի կատարվեր մի տեսակ տարերային ուժով և հակառակ իմ ցանկության, բայց և այնպես ուղեղիս մեջ գամվել էր այն միտքը, թե այդ բոլորի պատճառը միայն ես էի, և թերևս ոչինչ չպատահեր, եթե չլսեի Գարեգինին և բնավ չմիջամտեի։ Այս պատճառով նստած էի հոգեպես միանգամայն սպանված, իր գործած ոճիրի ծանրությունը գիտակցող մարդու պես, և ականջներս լարել էի դեպի հարևան սենյակը, որտեղ լսվող ամեն շրշյուն կլանում էի ամբողջ էությամբ։ Չէի կարծում, թե սիրտս այնքան ուժգին ու խորապես արձագանքեր այդ շրշյուններին, եթե այնտեղ, հարևան սենյակում մերձ ի մահ պառկած լիներ իմ սրտակից հարազատներից որևէ մեկը: