Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/653

Այս էջը հաստատված է

համալսարան, թեև ինձ էլ դուրս շպրտեցին համալսարանից։ Այսպիսի դեպքեր ես շատ կարող եմ թվել իմ կյանքից։ Իսկ եթե ինքս, ուրիշների կարծիքով, որևէ վատ բան եմ արել, այդ արել եմ ոչ թե այն պատճառով, որ ինքս վատ եմ կամ վատասեր, այլ նրա համար, որ արածս վատ բան չեմ համարել: Հենց Սառայի օրինակը։ Ի՞նչ վատ ու դատապարտելի բան կա նրանում, որ արբունքի հասած մի երիտասարդ և մի աղջիկ սրտերի փոխադարձ ձգտումով բնության գրկում և բնության հրավերով կատարում են կյանքի գերագույն խորհուրդը։

— Այդ շատ լավ,— ընդհատեցի ես նրա երկարաբանությունը.— այդ ես ընդունում եմ, և ոչ ոք չի դատապարտում քեզ այդ բանի համար։ Բայց հետո, հետո։ Ի՞նչ արիր դու «կյանքի գերագույն խորհուրդը» կատարելուց հետո:

— Ես էլ հենց այդտեղ եմ գալիս, իմ խոսքն էլ հենց այդ հետոյի մասին է,— վրա բերեց Թուսյանը։— Ուզում ես՝ հավատա, ուզում ես՝ չէ, բայց ես քեզ ասում եմ, որ այն ժամանակ ես Սառային սիրում էի անկեղծ կերպով,— կարող եմ ասել նույնիսկ, որ դա իմ անդրանիկ սերն էր,— և ամուսնանալու համար նրան տված խոստումս էլ միանգամայն անկեղծ էր։ Հետո գնացի։ Սկզբում կարոտում էի նրան և շատ էի կարոտում, պատասխանում էի նրա բոլոր նամակներին, նույնիսկ շատ անգամ ինքս էի գրում անհամբեր, երբ այս կամ այն պատճառով ուշանում էին նրա նամակները. բայց հետո կամաց֊կամաց... Դե՛ հո գիտես, ժամանակը և տարածությունը թշնամի են մարդկանց հարաբերություններին։ Մանավանդ որ ես ներքին հոգեկան կյանքով ապրող մարդ չեմ։ Իմս այսօր է, և ոչ վաղը։ Իմս արտաքին աշխարհն է իր եռուզեռով, իր թռուցիկ տպավորություններով։ Գոնե մինչև այժմ ես այդպես եմ եղել։ Եթե այն ժամանակ մնայի կամ նա գար ինձ հետ, անշուշտ կպսակվեի, և այժմ մենք շատ սովորական բախտավոր կամ անբախտ ամուսիններ կլինեինք։ Բայց ես, ինչպես ասացի, հեռացա և... մոռացա կամ ավելի ճիշտը, սառեցի։ Սառեցի ոչ թե այն պատճառով, որ այդպես էի ուզում կամ նրանից ավելի լավերը գտա, այլ որովհետև այդպես է կյանքը, այդպես է մարդկային բնությունը։