Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/658

Այս էջը հաստատված է

պարզվի այն գլխավորը, ինչ որ տակավին մութ էր մնում ինձ համար այդ տարօրինակ երիտասարդի մեջ։

— Երեկ գիշեր, որ դու պատմում էիր Սառայի մասին,— շարունակեց Թուսյանը,— ես համարյա ոչինչ չզգացի. ես միայն շշմել էի — այնքան անակնկալ էր այդ բոլորն ինձ համար։ Բայց հետո որ բաժանվեցի քեզնից և փոխանակ կայարան գնալու գնացի իջա հյուրանոց, կամաց-կամաց ինչ֊որ անհանգստություն տիրեց ինձ և քանի գնաց՝ սաստկացավ։ Որ ասեմ ամբողջ գիշերը չեմ քնել, չես հավատա։ Արթուն պահապանի պես ման էի գալիս անդադար և շարունակ ծխում։ Խի՞ղճ, խղճի խա՞յթ, թեթևամտորեն գործած չարիքի գիտակցությո՞ւն... Կամ գուցե կարեկցություն, սրտի հարազատությո՞ւն՝ հետևանք այն զգացումի, որ երբեմն տածել եմ դեպի նա... կամ գուցե նույնիսկ նախկին սե՞րը, անդրանիկ սե՞րը, որի կայծերն սկսել են բորբոքվել նոր թափով տարիների շեղջակույտի տակից և ավելի մաքուր, ավելի ուժգին, քան առաջ, նրա կրած տառապանքների ազդեցության տակ... Ես ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում։ Միայն կրկնում եմ, այսպիսի բան երբե՛ք չեմ զգացել, երբե՛ք կյանքիս մեջ։ Եվ եթե մի քիչ առաջ ես,— շատ ճիշտ նկատեցիր,— զանազան սոփեստություններով աշխատում էի անարատ դուրս բերել ինձ, այդ ոչ թե նրա համար, որ իսկապես անմեղ էի համարում ինձ, այլ նրա համար, որ ուզում էի քո օգնությամբ դուրս գալ հոգեկան այս անտանելի քաոսային դրությունից։ Կյանքի գերագույն խորհուրդ, բնական տարերային ուժ և ես ինչ գիտեմ ուրիշ ինչ, սրանք բոլորը, իհարկե, լոկ ֆրազներ են, որոնք թերևս նշանակություն ունենան տղամարդու և կնոջ հարաբերության մասին վերացական դատողության մեջ, բայց որոնք գրոշի արժեք չունեն կյանքի այնպիսի փաստերի հանդեպ, որպիսին իմ ու Սառայի հարաբերությունն է եղել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ ես չկարողացա գնալ, որ գիշերն այնքան անհանգիստ անցրի, որ այժմ եկել եմ քեզ մոտ և ուզում եմ գալ քեզ հետ նրան տեսնելու։

— Այդպես, վերջապես խոստովանեցիր ճշմարտությունը,— նկատեցի ես։— Բայց նրան տեսնելը մտքիցդ հանի,