Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/664

Այս էջը հաստատված է

— Խի՞ղճ, ի՞նչ խիղճ, ո՞ր խիղճը, այն, որ այստեղ կա՞,— խփեց կրծքին։— К черту её. Այդ հո Տոլստոյի մորալն է։ Տոլստոյը մեծ գրող է, ճիշտ է, բայց... մղդսի է։ Դու էլ ես մղդսի, Մարգարյան,— չնեղանաս։ Բոլոր մորալիստները մղդսի են։ Անցյալ օրը ինձ էլ հո համարյա թե մղդսի դարձրիր։ Օ՜, ես այդ քեզ չեմ ների, երբե՛ք։ Եվ քո ջգրու է, ոը այսպես խմել եմ, քո՛ ջգրու, լսո՞ւմ ես, Մարգարյան։ Соловья баснями не кормят. Ես միշտ խմում եմ, բայց այսօր սովորականից ավելի եմ խմել ոչ թե,— լա՛վ լսիր, Մարգարյան,— ոչ թե դարդս մոռանալու կամ խիղճս հանգստացնելու համար, այլ որպեսզի թույլ չտամ քեզ, որ քթիցս բռնած շուռ տաս ինձ անցյալ օրվա պես դեպի մղդսիություն։ Հասկացա՞ր։

— Բայց և այնպես, դու աշխատում ես դարձյալ արդարացնել քեզ, և այդ մի բան նշանակում է,— նկատեցի ես։

— Այս ոչինչ չի նշանակում, և դու շատ ես սխալվում, որ կարծում ես, թե ես դարձյալ ուզում եմ արդարացնել ինձ։ Ի՞նչ, էլի հատուցո՞ւմ, մատուցո՞ւմ, ու ես ինչ գիտեմ, ուրիշ ինչ զահրուզխկո՞ւմ։ Ներողություն կանես։ Այդ միայն անցյալ օրն էր։ Անցավ։ Վերջ։ Մի անգամ հիմարանալուց հետո երկրորդ անգամ հիմարանալ՝ կատարյալ էշություն կլինի։ Ավելի լավ է շուն շանորդի լինել, քան թե էշ ու ավանակ։ Եվ որպեսզի դու մի անգամ առմիշտ համոզվես, թե այս անգամ չեմ եկել քեզ մոտ ինչ-որ մեղայականով, ահավասիկ...

Նա վեր թռավ, բարձրացավ աթոռի վրա և այնպես տատանվեց, որ անպատճառ վայր կընկներ, եթե վրա չվազեի և չբռնեի։

— Իջիր, իջիր,— ասացի,— կընկնես։

— Ո՛չ, թող, չեմ ընկնի,— բղավեց նա վառված, համարյա կատաղի աչքերով։— Հեռու կանգնիր և լսիր, ես պիտի հայտարարեմ։ Եվ ահավասիկ հայտարարում եմ աշխարհին և ամենքին.— ես մեղավոր չե՛մ, ես մեղավոր չե՛մ, ես մեղավոր չե՛մ։ Չե՛մ, չե՛մ, չե՛մ (ամեն մի «չեմի» հետ բռունցքը պինդ զարկում էր կծքին)։ Ես այս կրկնում եմ երեք անգամ և պատրաստ եմ կրկնելու հազարերեքերորդ անգամ, որովհետև,— լավ լսիր, Մարգարյան,— աշխարհիս