Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/67

Այս էջը հաստատված է

«Թութա՛, թութա՛, ախառի՛ թութա»։ Նա մի րոպե կանգ է առնում բաց դռան առջև, նայում է ներս, իր թավ ձայնով հարցնում՝ «խառը թութ չեք ուզո՞ւմ» և, տեսնելով, որ պատասխան չի ստանում, շարունակում է ճանապարհը կշեռքը շխկշխկացնելով և փողոցն աղմկելով իր հուժկու կանչով։ Ու կյանքի առօրյան հիշեցնող այդ կանչր, մի րոպե վանելով մահվան ուրվականը, լսվում է մի առժամանակ ևս, մինչև որ հետզհետե խլանալով լռում է վերջապես, և մահվան ուրվականը նորից գալիս է իր փսփսուքը տարածելու մեռնողի սենյակում առաջվանից ավելի ծանր ու չարագուշակ լռության մեջ։

Հիվանդն այժմ պառկած է աչքերը փակ, և եթե ծանր հևքը չլինի, տեսնողը կկարծի, թե մեռած է։ Պառավ մայրն անհանգստացած՝ աչքը չի հեռացնում նրա դեմքից. նրա գլուխը սաստիկ շարժվում է. ըստ երևույթին, ուզում է ինչ-որ ասել, բայց չի համարձակվում։ Վերջապես դադարում է ճանճերը քշելուց և, խոնարհվելով որդու դեմքի վրա, շշնջում է անհամարձակորեն.

— Սաքուլ ջա՞ն...

Սաքուլը կամաց բաց է անում աչքերը և նայում նրան։

— Ի՞նչ կըլի, որ տերտերին իմաց տանք։

— Տո, էլի տերտե՞ր,— բացականչեց Սաքուլը զայրույթի այնպիսի հանկարծական բռնկումով, որ մայրն էլ, կինն էլ ապշեցին, թե ո՞րտեղից նա, որի ձայնը մինչև այժմ հազիվ էր լսվում, հանկարծ այդպիսի մի ուժ հավաքեց իր մեջ։— Տո, ձեր տերտերն ու խաչը չէ՞ր, որ ինձ էստեղը հասցրին... էլ ի՞նչ եք ուզում ինձանից... թողեք, է՛լի, հանգիստ հոգիս տամ...

Նրա ձայնը հանկարծ կտրվեց, աչքերը լցվեցին արտասուքով, և նա այլևս ոչինչ չկարողացավ արտասանել։

— Դե ես ի՞նչ գիտամ, որդի ջան, ասում եմ բալի...— արտասանեց մայրը կսկծալից և առանց խոսքը վերջացնելու լռեց, որպեսզի այլևս չգրգռի որդուն։

Ու առժամանակ խանգարված չարագուշակ ծանր լռությունը գալիս է նորից թագավորելու մեռնողի սենյակում։

Սաքուլը կամաց-կամաց հանգստանում է և մտառու հայացքը տնկում դիմացի տան արևակեզ պատին։ Երկար լռությունից