Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/670

Այս էջը հաստատված է

թափվում էր նրա ճակատից, սիրտն անհանգստությամբ զարկում էր․ ո՛չ յուր մեջ էր ուժ մնացել, ո՛չ եզների մեջ։ Անդադար առաջ էր գնում և, կարծես, երբեք միտք չուներ ետ դառնալու։

Հանկարծ նա տեսավ, որ դիմացից մի մարդ է վազում դեպի ինքը կանչելով․

— Է՛յ, է՛յ, կանգնի՛ր, ո՞ւր ես գալիս։

Ադամի գույնը թռավ։ Նա խփեց եզներին, որ քանի անծանոթ մարդը չէ մոտեցել, գութանը մի փոքր էլ առաջ քշե։

— Կանգնի՛ր, կանգնի՛ր,— գոռում էր դիմացից վազող մարդը։

Ադամը ցույց էր տալիս, թե չէ լսում և գութանը միշտ առաջ էր քշում։

Դիմացից վազող մարդը հասավ և կանգնեցրեց եզներին։

— Դու չե՞ս հասկանում, կանգնի՛ր,— բարկացած գոռաց նա Ադամի վրա և, մոտենալով նրան, բռնեց նրա յախից։— Որ գնում ես, ո՞ւր ես գնում։

— Քեզ ի՞նչ,— ասաց Ադամը հպարտությամբ։

— Ինչպես թե ինձ ինչ... Դու չգիտե՞ս, որ այս հողն իմն է։

— Ես ի՞նչ գիտեմ։

— Բաս կո՞ւյր էիր. այս քարը չտեսա՞ր,— ասաց անծանոթը ցույց տալով մի քար, որ ընկած էր այնտեղ։

— Այդ քարն ի՞նչ է որ:

— Այն է, որ այս քարից այն կողմն ինչ որ հող կա քոնն է, իսկ այս կողմը՝ իմը, և դու իրավունք չունես սրանից մի մազաչափ անգամ այս կողմը գալու. հասկացա՞ր, թե ոչ։

Անդամին դուր չեկավ անծանոթի անձնավստահ գոռում-գոչյունները։

— Տո, հեռացի՛ր այն կողմն, է՜,— ասաց նա, աշխատելով, որ յախան ազատե նրա ձեռքից։— Ո՞վ ես դու, որ եկել ես այս հողին տեր ես կանգնում։

— Աչքդ հանողն եմ,— գոռաց անծանոթը։— Քեզ ասում եմ՝ գութանդ ետ քշիր և իրավունք չունենաս այս քարից այն կողմը գնալու։ Դե՛հ, շո՛ւտ, ետ քշիր։