Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/673

Այս էջը հաստատված է

Նրա հետաքրքրությունը սաստիկ շարժվեցավ, ուստի հրամայեց, որ գտնողին կանչեն յուր մոտ և հրամայեց, որ նա գտած իրն Էլ հետը բերե։ Իսկույն վազեցին չքավոր մարդու հետևից և նրան թագավորի մոտ բերին։

— Ես լսեցի, որ դու մի ինչ-որ չտեսնված բան ես գտել, որի ինչ լինելը ոչ ոք չի կարողանում իմանալ,— ասաց նրան թագավորը։։— Ցույց տուր այն տեսնեմ։

Չքավոր մարդն իսկույն հանեց գրպանից գտած իրը և տվավ թագավորին։ Թագավորն սկսեց նայել, շուռ ու մուռ տալ ձեռքին, զարմացավ, ապշեց, մտածեց, գլուխ կոտրեց, ոչինչ չհասկացավ։

«Ի՞նչ պիտի լինի այս,— մրթմրթում էր նա ինքն իրեն և ուսերը վեր քաշում։— Եթե ասեմ քար է՝ քար չէ. եթե ասեմ պտուղ է՝ պտուղ էլ չէ. եթե ասեմ... ի՞նչ ասեմ»։ Նա մնաց տարակուսած։ «Բայց ինչ որ է, հազվագյուտ և չտեսնված բան է իսկապես,— մտածեց նա նորից։— Ուրեմն ինձ համար մեծ պարծանք կլինի, եթե ես ունենամ այս իմ թանգարանում»։

— Այս կծախե՞ս ինձ,— հարցրեց նա չքավոր մարդուն։

— Ինչո՞ւ չեմ ծախիլ, թագավորն ապրած կենա,— պատասխանեց վերջինս։

— Ո՞նց կտաս։

— Ոնց որ քո մեծ կամքը կլինի, թագավորն ապրած կենա։

— Ոչ, ծախողը դու ես,— ասաց թագավորը։— Դու չքավոր ես, տեսնում եմ, ասա, ինչ որ ուզես — կտամ։

Չքավոր մարդը մտատանջվեց։ Ի՞նչ գին դներ գտած իրին, քանի որ չգիտեր, թե ինչ է այն և ինչ արժե։ Վերջապես, մի րոպե մտածելուց հետո, ասաց.

— Թագավորն ապրած կենա, քանի որ ոչ ես գիտեմ, թե ինչ է իմ այդ գտած իրը, ոչ ուրիշն և ոչ քո հրամանքը, ուստի ես մի այնպիսի գին կդնեմ նրան, որ ոչ քո հրամանքիդ կողմը կլինի և ոչ իմ։

— Ասա, ասա տեսնեմ,— ասաց թագավորը։

— Դրա քաշովն ինձ ոսկի տուր։