Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/71

Այս էջը հաստատված է

շատ անգամ էր պատահել փող ունեցսւծ ժամանակ, բայց մատների ծայրերը միայն շոշափում էին գզգզված գրպանների մազանման մճճված կեղտը։

Քամու դեմ կռվելով, նա մտավ իրենց նեղ ու ծուռ փողոցը, որի երկայնքով այս ու այն կողմը իրար հենված էին, կարծես չթափվելու համար, խղճուկ տնակներ ցածր, հողածածկ կտուրներով, ծուռտիկ-մուռտիկ պատուհաններով, փտած դռներով, ո՛րը գետնի մեջ խրված, ո՛րը գետնից բարձր։

Դավիթը կանգ առավ այդ դռներից մեկի առջև, որի ծակոտիներից և ճեղքերից ճրագի լույս էր երևում։ Փոխանակ ծեծելու, նա ոտը բարձրացրեց և մի պինդ հարված տվեց դռանը։ Դուռը ճռճռաց, քիչ մնաց տեղահան լիներ, բայց չբացվեց, ներսից փակ էր։ Այդ բանն ավելի կատաղեցրեց Դավթին, և նա կրկնեց հարվածն առաջվանից ավելի պինդ։

— Մեռել ե՞ք, սատկել ե՞ք,— գոռաց նա սարսափելի հայհոյանքներ թափելով։

Ներսից լսվեց դռան փականքի շրխկոցը։ Ոտաբոբիկ, պատառոտուն հագուստով, խճճված մազերով մի փոքրիկ աղջիկ դուռը բաց արավ և, ցրտից սարսռալով, մի կողմ քաշվեց, որ հայրը ներս մտնի։

Դավիթը մտավ արյուն կտրած աչքերով։

Աղջիկը սովալլուկ հայացքով աչքի տակից նայեց հոր դատարկ ձեռներին, և այն միջոցին, երբ փակում էր դուռը, մի ծանր հարված զգաց գլխին։ Նա ձայն չհանեց, այլ ձեռքերը դրեց գագաթին և տեղն ու տեղը պպզեց տապ-տապ արած հավի պես։ Ըստ երևույթին սպասում էր, թե հարվածը պիտի կրկնվի և իր մանկական սովալլուկ մարմնի ֆիզիկական ամբողջ ուժը ոսկրացած ձեռքերի մեջ հավաքած՝ աշխատում էր պաշտպանել գլուխը՝ շեքերի մեջ կոխած։

Սակայն հայրը բավականացավ մի հարվածով միայն և անմիջապես դարձավ կնոջը, որ թախտի վրա նստած կար էր անում լամպի լուսով.

— Հա՞ա, մեռել ե՞ք, սատկել ե՞ք։ Տո, դուռն էսքան կոտրատում եմ, չեք իմանո՞ւմ։ Այ խլանաք դուք, խլանաք։ Պինդ էլ կողպել եք, թե ի՞նչ։ Գիտամ, էնքան բան-ման ունես անտեր տանդ, որ վախենում ես նի չթափվեն, շթալանեն։