Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/72

Այս էջը հաստատված է

Վայ ձեր ծնունդը չորանա, ձեր ծնունդը։ Դուք խո ինձ հմար կնիկ ու որդիք չեք, ցավ ու կրակ եք ինձ հմար, ցավ ու կրակ գա ձեր գլխին։ Էլ ջըբումս բարաքաթ չմնաց, ինչ դու էդ կոտրած ոտդ տուն դրիր ըստեղ...

Դավթի արտասանած ամեն մի պարբերությունը համեմված էր ամենաընտիր և երբեմն շատ ինքնուրույն հայհոյանքներով։

Կինն ամենևին ձայն չհանեց, նույնիսկ գլուխը չբարձրացրեց կարի վրայից։ Ամուսնու գոռգոռոցն ու հայհոյանքն այնքան սովորական բան էին դարձել նրա համար, որ միանգամայն կորցրել էին իրենց բոլոր նշանակությունն ու ազդեցությունը, և վաղուց էր արդեն, որ Մային այլևս չէր պատասխանում, մի անգամ առ միշտ համոզվելով, որ այդ ոչ միայն անօգուտ, այլ նույնիսկ վտանգավոր է, որովհետև խոսքը խոսք էր բերում, և Դավիթը վերջիվերջո խոսքից անցնում էր «գործի»։ Կնոջ միակ պատասխանը լռությունն ու անտարբերությունն էր լինում։ Շունը հաչեր, թե Դավիթը — այդ միևնույն էր նրա համար։ Պատահում էր, որ Դավիթն ամբողջ ժամերով գոռում-գոռգոռում, հայհոյում էր ամենազզվելի ածականներով, բայց Մային գլուխը կախ՝ մնում էր իր բանին, քարի պես լուռ ու անտարբեր։

Ծանր, շատ ծանր էին խեղճ կնոջ քաշած օրերն արբեցող ամուսնու ձեռքին։ Ինչ Մային ոտ էր դրել ամուսնու տունը, ոչ մի լավ օր չէր տեսել, միշտ ծեծ ու հայհոյանք, միշտ հայհոյանք ու ծեծ։ Ծեծն ու հայհոյանքն էլի վնաս չունի,— այդ բանին այսպես թե այնպես դեռ կարելի էր դիմանալ,— բայց գոնե տան և երեխաների հոգսը քաշեր. այդ էլ չկար։ Ինչ վաստակում էր, իր փորն էր ածում։ Ուրեմն էլ ինչացո՞ւ էր. ավելի լավ չէ՞ր լինի, որ իսկի չլիներ. խեղճ կինը գոնե հանգիստ իր բանին կկենար, գոնե գիշերները չէր սպասի ահ ու դողով, թե ահա որտեղ որ է՝ պիտի գա իր դահիճը արբած-տրաքած, երեխաներին լեղաճաք անի, ամբողջ թաղը հավաքի գլխին։ Տունը ինքն էր պահում, երեխաներին ինքն էր հագցնում, կերակրում իր ձեռքի աշխատանքով, ուրեմն էլ ինչացո՞ւ էր այդ միշտ արբած մարդը, էլ ի՞նչ սրտով էր բղավում, հայհոյում, ծեծում, ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով։