Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/74

Այս էջը հաստատված է

աչքն ընկավ նիրհի մեջ գլուխը բարձր ու ցածր անող աղջկա վրա։

— Աղջի, քունդ տանում ա, գնա քնի։

Աղջիկը բաց արեց շաղված աչքերը, մի րոպե ապուշ-ապուշ նայեց մորը, հետո սուր-սուր եղունգներով սկսեց քորել գլուխը և կամացուկ վնգստաց.

— Հաց եմ ուզում։

— Ես էլ եմ ուզում,— արձագանք տվավ թախտի ծայրից փոքրիկը, որ հոր գոռգոռոցի վրա զարթել էր և, մինչև այժմ լուռ, մթելի տակից պլզած աչքերով նայում էր ճրագին։

— Էգուց, էգուց, բալա ջան, հմի քնեցեք,— ասաց մայրը։

Բայց փոքրիկը և նրանից սիրտ առած մեծը սկսեցին ավելի ու ավելի վնգստալ։

— Սո՛ւս, շան լակոտներ, թե չէ, էս ա վեր կացա,— հանկարծ գոռաց Դավիթը, արագորեն շուռ գալով պառկած տեղը և բռունցքը ուժգին զարկելով թախտին։

Փոքրիկն իսկույն սուս արավ և մթելը գլխին քաշեց։ Աղջիկը նույնպես լռեց, չոքեչոք գնաց դեպի անկողինը, պառկելուց առաջ քորումոր եկավ ամբողջ մարմնով, հետո մթելի մի ծայրը բարձրացրեց, մտավ տակը, գլուխը դրեց եղբոր գլխի մոտ, կուչ եկավ սրթսրթալով և համարյա թե նույն րոպեին էլ քնեց։

Քամին շվշվացնում էր դուրսը, բզզում էր բուխարու մեջ, ծեծում էր դուռը ու պատուհանը. իսկ ներսը լռության մեջ լսվում էր քնած երեխաների շնչառությունը և երբեմն-երբեմն Դավթի մռմռոցը։ Այնինչ Մային, գլուխը միշտ կախ, կարում էր հա՛ կարում, և սպիտակ քաթանը նրա հոգնած աչքերի առաջ երբեմն-երբեմն շերտավորվում էր կարմիր, կանաչ, դեղին զոլերով։

Պառկած տեղն էլ հանգիստ չէր կարողանում մնալ Դավիթը, տենդով բռնված մարդու պես դես էր շուռ գալիս, դեն էր շուռ գալիս, մռնչում էր, փռնչում, ոգելից խմիչքի ծարավն ավելի ու ավելի էր նեղում նրան։ Նրան թվում էր, թե այդ գիշեր չի լուսացնի. կամ կմեռնի, կամ կգժվի։ Առհասարակ ամբողջ օրը հիվանդ էր զգում իրեն. գլուխը ծանր էր քարի պես, աչքերից ջուր էր գնում, ձեռները դողում էին,