Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/75

Այս էջը հաստատված է

ծնկների մեջ ինչ-որ մղմիղ էր զգում, իսկ ստամոքսի մեջ կարծում էր, թե մժեղներ են ղժվժում, չնայելով, որ ոչինչ չէր կերել, այնուամենայնիվ քաղց չէր զգում և ուտելու մասին չէր էլ մտածում։ Զգում էր միայն, որ մի քանի բաժակ օղին բավական էր այդ հիվանդագին բոլոր երևույթները ձեռաց վանելու համար։

— Օ՜, ես ձեր...— մի ծանր բռունցք իջեցնելով թախտի վրա, զորավոր հայհոյանք ուղղեց նա հայտնի չէ ում հասցեին, նստեց, ոտները կախեց թախտից, խոնարհվեց և գլուխն առավ ձեռքերի մեջ։ Գոնե քունը գար, որ թերևս առժամանակ մոռանար այդ անտանելի պապակը։ Ոգելից խմիչքի ծարավը չէր այնքան, որ տանջում էր նրան, այլ ավելի երևակայությունը, որ այնքան հրապուրիչ ու գայթակղիչ մտապատկերներ էր ստեղծում օղու և գինու շուրջը ընկերական շրջանում, դուդուկի և արգանի ձայների տակ, գինետան մեջ, որի քացախած օդը նրա համար ավելի ախորժելի էր, քան բուրավետ վարդն ու ծաղիկը։

Նա վեր կացավ և սկսեց քայլել սենյակի երկայնքով։ Մտածում էր՝ ինչ աներ այդ սոսկալի դրությունից ելնելու համար, մտածում էր կյանքի և մահվան առեղծվածի առջև կանգնած մարդու մտատանջանքով։ Ամեն անգամ, որ մոտենում էր սենյակի անկյանը, նրա աչքովն էր ընկնում ջրի կուլան։ Սկզբում ուշադրություն չէր դարձնում, հետո կանգ առավ կուլայի առաջ և երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել իր մեջ մի տարօրինակ զզվանք, որ, իբրև արբեցող, տածում էր դեպի ջուրը։ Բայց ոգելից խմիչքի ծարավը սպանում էր նրան, թուքը ցամաքել էր, որկորը խանձվել, պետք էր բերանը մի բանով թաց անել։ Եվ Դավիթը կամա-ակամա խոնարհվեց դեպի ջրի կուլան։

Բայց այդ միջոցին հանկարծ մի միտք ծագեց նրա գլխում, և նրա դաժան դեմքը մի րոպե կարծես պայծառացավ։

Նա արագորեն մոտեցավ պատի մեջ գտնված պահարանին, բաց արեց, հանեց օղու դատարկ շիշը, կուլայից մի գավաթի չափ ջուր ածեց մեջը և սկսեց ողողել։ Ողողեց, ողողեց օղու շիշը, հետո գլխին քաշեց և սկսեց ծծել։ Ծծում էր աչքերը փակ և շրթունքները պինդ սեղմած շշի պռնկին։ Այդ