Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/76

Այս էջը հաստատված է

միջոցին նրա դեմքը գարշանքի այնպիսի արտահայտություն էր ստացել, որ կարծես լուծողական էր ընդունում։

Կինն աոաջին անգամ բարձրացրեց գլուխը, նայեց նրան, հետևից մի չանչ արավ և նորից շարունակեց կարը։

Դավիթը չտեսավ այդ չանչը, բայց նրան թվաց, թե կինն իր հասցեին ինչ-որ փնթփնթաց քթի տակ։

— Հը՛, ի՞նչ ես փնթփնթում,— կամաց դարձավ նա կնոջ կողմը, շիշը հեռացնելով շրթունքներից։ Հրացայտ աչքերով երկար ժամանակ լուռ ու անշարժ խեթում էր կնոջը, հետո ավելացրեց ծանր ու սպառնալից.— ջանդ խո քոր չի գալիս։ Թե քոր ա գալիս, քորեմ...

Կինը ձայն ծպտուն չհանեց։

Դավիթը շիշը տեղը դրեց, պահարանի դուռը շրխկացնելով փակեց և գնաց նորից պառկեց թախտի վրա, չմոռանալով հայհոյանքի մի նոր փունջ հրամցնելու կնոջը։ Ջուրը թեև մի քիչ օղու համ էր ստացել, բայց իհարկե, այն չէր, ինչ որ քթից ծուխ հանող, աչքերից արտասուք քամող օղին, որ խմելուն պես բալասանի նման տարածվում է մարդու երակների մեջ, և այդ բանն էր, որ ավելի ջղայնոտ էր դարձրել Դավթին, ավելի ևս գրգռելով նրա ոգելից խմիչքի պապակը։ Նա սաստիկ ցանկանում էր, որ կինը ձայն հաներ, բան ասեր, որպեսզի իսկույն վեր թռչեր և մի լավ տրորեր նրան, սրտի բոլոր մաղձը նրա վրա թափելով։ Բայց Մային ձկան պես լուռ, իր բանին էր։

Դուռը դրսից ծեծեցին։

Դավիթը գլուխը բարձրացրեց, նայեց դռանը և նորից պառկեց։ Այդ անշուշտ Ակոբն էր — անդրանիկ որդին՝ ութ տարեկան, որ նոր էր վերադառնում խանութից։ Չորրորդ ամիսն էր, որ նրան աշակերտ էր տվել մի պղնձագործի՝ մի տարի անվարձ ծառայելու, մինչև որ արհեստ սովորեր։

Որովհետև դուռն իսկույն բացող չեղավ, նորից ծեծեցին։

Դավիթը վեր թռավ, նստեց և դարձավ կնոջը կատաղած.

— Տո, խլացել ե՞ս, չես իմանո՞ւմ։ Էս էլ խո ես չեմ, վե կաց բաց արա, է՛լի։ Այ չորանաս էդ ճրագի տակը, հը՛, ընենց կպչես էդ թախտիցը, որ էլ պոկ չգաս։ Մի հարցնող ըլի, օգուտդ ի՞նչ ա, է՞, էդ անտեր-մունդռիկ կարիցը։ Նավթն էլ մինչև լիս էրում ես։