Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/77

Այս էջը հաստատված է

Մային կարը մի կողմ դրեց, մեջքը հազիվ շտկեց, վեր կացավ, իջավ թախտից և ամուսնու անհատնում հայհոյանքների ուղեկցությամբ գնաց դուռը բանալու։

Մտավ Ակոբը գզգզված հագուստով, մրից սևացած դեմքով, ձեռքերով և մինչև սրունքները մերկ ոտներով։ Ցրտից սրթսրթում էր ամբողջ մարմնով և ատամները նկատելի կերպով զարնում իրար. բայց աչքերն իրենց տարօրինակ սպիտակուցներով սևացած դեմքի վրա փայլում էին մանկական ինչ-որ անհուն բերկրանքով։

— Մայիլո ջա՜ն,— մտնելուն պես բացականչեց նա,— ըսօր մեկն եկավ, պղինձներ առավ, տարա տուն, մի աբասի փող բաշխեց։ Ա՜յ։

Դավիթը փողի անունը լսելուն պես ծտի նման թռավ տեղից և մի ոստյունով հասավ դռան մոտ.

— Աբա՛, աբա՛...

Ու քաղցած գայլի պես վրա ընկավ երեխային։

Մայրն ընկավ որդու և նրա մեջտեղ։

— Չտաս, չտաս, Ակոբ ջան, հաց չունենք. հաց կառ...

Խոսքը չվերջացավ կնոջ բերանում. Դավիթն երկու ձեռքով բռնեց նրա ոսկրացած ուսերից և այնպիսի ուժով ետ շպրտեց նրան, որ նա փռվեց գետնին մեջքի վրա։

— Ի՛նձ տու,— բղավեց և այնպես պինդ հուպ տվեց որդու բռունցքը, որ նա ցավից ճչաց և իսկույն փողը վայր գցեց ձեռքից։

Դավիթը փողը թռցրեց գետնից և խելագարի պես դուրս թռավ...

Երբ Մային ուշքի եկավ և աչքերը կամաց բաց արեց, կարծես երազի մեջ տեսավ, որ Ակոբը պատին կպած՝ լաց է լինում երեխայական ուժգին հեծկլտանքով, և ցուրտ քամին փչում է բաց դռնից, բլբլացնելով լամպի լույսը թախտի վրա։ Մեծ դժվարությամբ նստեց, երկու ձեռքով բռնեց ծոծրակը, աչքերը փակեց ինչ-որ սուր ցավից և մի երկար ու ձիգ թառանչ քաշեց։

— Դուռը կողպի, Ակոբ ջան, դուռը կողպի, ցուրտ ա,— հազիվ կարողացավ արտասանել նա։

1889