Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/80

Այս էջը հաստատված է

— Տո, ըսենց էլ բան կըլի՞. մի հետ չըլավ, որ էդ շան լակոտները թողան արխային գնամ իմ ճամփով։ Հոպոպ հա՛, Հոպոպ։ Տո, Հոպոպը... (հայհոյանք երեխաների հասցեին)։ Հոպոպը ձեր թայն ա՞։

— Էհ, երեխեք են, է՛լի, ուստա Ասատուր, ի՞նչ ես անգաջ դնում,— ասաց ծանոթը շտապ քայլելով նրա առջևից։

— Տո, ո՞վ ա անգաջ դնում, ես դրանց... (հայհոյանք)։ Տեսնում են թե չէ, ոնց որ գեղի շները վրա տան։ Քարեր էլ են գցում, քարեր։

Բայց ծանոթն այլևս չէր լսում նրան, նա ծռվեց մյուս փողոցը և անցավ գնաց։

Իսկ Հոպոպը, բարձրաձայն շարունակելով հայհոյանքներով համեմված իր բանակռիվը բացակա երեխաների հետ, մտավ իրենց փողոցը։ Դռներին նստոտած կանանց խմբերի մոտով անցնելիս մի ջահել կին կանչեց նրա հետևից.

— Հո՜պոպ։

Ու իսկույն ծիծաղելով դեմքը ծածկեց մոտը նստած ընկերուհու մեջքի հետևը։ Մյուս կանայք ուրախ հռհռացին, բացի մի պառավ կնոջից, որը մեղմորեն հանդիմանեց բացականչողին։ Հոպոպը ետ չնայեց, բայց, իհարկե, առանց հարմարավոր հայհոյանքի չթողեց իր հետևից կանչող կնոջը և անցավ գնաց։ Այդ հայհոյանքն այնքան անհամեստ էր, որ պառավը նկատեց կանչողին.

— Հը՛, էդ իր ուզո՞ւմ...

Իսկ մյուս կանայք, մանավանդ կանչողը, ամոթից ծածկեցին բերանները և, իրար կողք բզելով, աշխատում էին զսպել ավելի սաստկացող հռհռոցը։

Այնուհետև մինչև տուն հասնելը Հոպոպի միևնույն հայհոյանքը զանազան վարիանտներով ուղղված էր միայն իր հետևից կանչող կնոջ հասցեին։

* * *

Ամբողջ թաղը Հոպոպ մականունով էր կնքել զինագործ Ասատուրին, ժողովրդական այն առածի հիման վրա, որ ասում է, թե «Հոպոպը ինքը հոտած էր, կարծում էր, թե