Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/81

Այս էջը հաստատված է

բույնն է հոտած»։ Եվ իսկապես, շատ հոտած, այսինքն կռվարար մարդ էր զինագործ Ասատուրը։ Պատճառը թերևս իրենք թաղեցիներն էին, որովհետև, ինչպես ինքն էլ շարունակ գանգատվում էր, ոչ մի օր չէին թողնում, որ մարդը հանգիստ տուն գնա։ Հոպոպին կատաղեցնելը մի կատարյալ զվարճություն էր նրանց համար։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նա տանը նստած, սուփրեն առաջին, գինու գավը կողքին, թուրքերեն բայաթի էր երգում իր ճաթած ձայնով, թաղի կանայք, որոնց մի առանձին հաճույք էին պատճառում նրա անզուգական հայհոյանքները, դրդում էին մի որևէ չարաճճի երեխայի, որ գնա չարացնի Հոպոպին։ Երեխան իսկույն վազ էր տալիս, գլուխը զգուշորեն ներս կոխում դռնից, կանչում «Հո՜պոպ» ու ծլկում արագավազ նապաստակի պես։ Եվ այդ մի հատիկ բառը բավական էր լինում, որ Հոպոպի քեֆը հարամ լիներ, նա իսկույն ընդհատում էր բայաթին, դուրս գալիս դուռը և ամբողջ թաղը հավաքում գլխին։

Ոչ ոքի հետ չէր հաշտվում Հոպոպը։ Բազարում թե թաղում ոչ մի հարևան չուներ, որի հետ կռված և մի լավ էլ ծեծ կերած չլիներ։ Կնոջ հետ խո ամեն օր տուրուդմբոցի մեջ էր. ինքը կնոջն էր ծեծում, կինը՝ նրան, թակում էին իրար այնքան ժամանակ, մինչև որ կամ հոգնում էին, կամ հարևանները միջամտում, բաժանում նրանց իրարից։ Ոչ ոքից չէր վախենում, բացի ոստիկանությունից, որ շատ անգամ կոխել էր նրան մեծ-մեծ մկներով լի մութ նկուղը և մի քանի անգամ էլ նույնիսկ պրիստավը իր սեփական ձեռքով արյունլվիկ էր արել նրա քիթն ու պռունկը։

Հոպոպն արբեցող էր, ճիշտ է, բայց միայն գինի էր խմում, այն էլ միայն կարմիր և լավ գինի. արաղ չէր սիրում և խմելուց հետո էլ դեմքին այնպիսի արտահայտություն էր տալիս, որ թվում էր, թե պիտի թափի։ Կերակուրների մեջ էլ խիստ խտրություն էր դնում. ջրալի կերակուրներ չէր սիրում, պասվա կերակուրներն ատելով ատում էր, մանավանդ լոբին, նրա սովորական ուտելիքն էր յուղալի դոշը, խավիարը, խորովածը, թարմ կանաչին, կարմիր բողկը և սպիտակ հացը։ Իսկ այդ համեմատաբար թանկ ուտելիքները գնելու համար փող միշտ ուներ, որովհետև իր արհեստի մեջ լավ վարպետ էր և այնքան ճարպիկ, որ կարողանում էր մի որևէ