Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/83

Այս էջը հաստատված է

սիլի-բիլի անում... Հոպոպ որ դառանք, նամուս էլ կորցրի՞նք... Ա՛յ, գետինը չմտնի՞ էս գդակը։

Եվ նա գդակը պոկելով գլխից ուժգին թափով խփեց գետնին։ Հետո շարունակելով հայհոյանքներով համեմված սպառնալիքները կնոջ հասցեին, գոտիկը ետ արեց, հանեց արխալուղը, ոտնամանները, հոտած գուլպաները, շալվարը և դռան շեմքին կանգնելով, սկսեց չթի կարճ շապկի փեշով հով անել քրտինքից քուր կտրած երեսին ու փորին։

Անհամբեր սպասում էր կնոջը, բայց մինչև որ կինը կգար, ջգրած սրտով մոտեցավ գավին, գլխին քաշեց, ծծեց ագահորեն և, ծարավը հագեցնելուց հետո, գավը տեղը դրեց։ Հետո, առանց աղլուխի կապոցը բանալու, կտրեց շոթիներից մեկի սուր ու չոր ծայրը, բերանը գցեց և սկսեց ծամել։

Մոր հետևից գնացած երեխան ներս ընկավ գնդակի նման։

— Ասեց գալիս եմ,— ասաց նա և այս անգամ աչքերը տնկեց հոր բերանին։

— Հը՜մ,— մռնչաց Հոպոպը, հացը ծամելով, և ձեռքը նորից տարավ դեպի գավը։

Այսպիսով գավը մի քանի անգամ մոտեցրել էր նա շրթունքին և պպզել թախտին, երբ վերջապես դռան շեմքին երևաց կինը — բավական սիրունատես ու գիրուկ, մաշված դեղին չուստերը մերկ ոտներին և ծծի մանուկը գրկին։

— Ըհը՛, էս էլ եկա, ի՞նչ ես ուզում,— ասաց նա համարձակորեն, ըստ երևույթին շատ լավ իմանալով, որ կրկնվելու է ամենօրյա տեսարաններից մեկը։

— Ինչ եմ ուզո՞ւմ,— ասաց Հոպոպը, որ հենց նոր գավը նորից գլուխն է քաշել. գավը դրեց թախտի վրա, շապկի թևով սրբեց շրթունքը, մոտեցավ բռնեց կնոջ ձեռքից, ներս քաշեց և սպառնական դիրք բռնեց նրա առջև։— Ո՞րտեղ իր։

— Բագրատանց տանը,— նույն համարձակությամբ պատասխանեց կինը։

— Ի՞նչ իր շինում ընտեղ։

— Ի՞նչ պտի շինեի։ Լվացք ունեն անելու, կանչել ին, որ էգուց գնամ լվանամ։

— Լվա՞՜ցք... լվա՞՜ցք... Տո՛, ես քու... (հայհոյանք)... անտեր-մունդռի՞կ ես մնացել, քաղցած-տկլո՞ր ես մնացել, որ ուրիշների հմար լվացք ես անում։ Հաա՞։ Բա ես չկա՞մ,