Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/89

Այս էջը հաստատված է
* * *

— Ը-ը՜, տափը դնեմ քեզ, տափը, ոնց որ փետացել ես էդ տափին,— մրթմրթաց նա մտնելուն պես, պստիկ, չար աչքերը ոլորելով հարսի վրա։

Անանն այն աստիճան սովորել էր այդպիսի անառիթ անեծքների, որ մինչև անգամ չնայեց սկեսոր կողմը, այլ անտարբեր ու դանդաղ շարունակում էր հագցնել երեխային։

Գիժ-Հոռոմսիմը շալը շպրտեց թախտի վրա, որի ժամանակ նրա արագաշարժ աչքերը հանկարծ մի վայրկյան կանգ առան պատուհանների վար թողած վարագույրների վրա։

— Աղջի, բա էդ քոռացած աչքերովդ տեսնում չե՞ս արևը մեր ա մտել,— ասաց նա։— Ա՛յ, ոչ ունենամ քեզ պես հարսը, ոչ, չորանաս կպչես էդ տափից, ոնց որ չորացել կպել ես։

Ու անեծքները շարունակելով գիժ-Հոռոմսիմը բարձրացավ թախտը, պատուհանների վարագույրները գցեց բաց փեղկերի գլխին, հետո ուզում էր իջնել, բայց մի բան մտաբերելով՝ արագ մոտեցավ թարեքին, ետ քաշեց վարագույրը և սկսեց մեկ-մեկ համարել թիթեղյա մատուցարանի վրա թեյի պարագաների կողքին դրված շաքարամանի միջի շաքարի կտորները։ Առավոտյան տնից դուրս գնալիս շաքարամանի մեջ ճիշտ տասը կտոր շաքար էր թողել նա, բայց այժմ, համարելուց հետո, տեսավ երկու կտոր պակաս է։ Ու ծտի նման ցած թռավ թախտից։

— Ա՛յ քեզ... ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Այս խոսքերով նախ երկու ձեռքով պինդ խփեց հարսի գլխին, հետո ծայրահեղ կատաղությամբ ատամները սեղմած՝ սկսեց սուր-սուր եղունգներով կմշտել նրա դեմքը, ձեռքերը, կողերը — ո՛ւր որ պատահեր, ընդսմին, ամեն մի կմշտոցի հետ եղունգների մեջ բռնած կաշին ոլորում էր և ձիգ տալիս։

— Ըը՜...— ցավից մղկտաց Անանը և, երկու ձեռքով ամուր գրկելով երեխային, խոնարհվեց նրա վրա։

— Առանց ինձ չայ էլ ես խմում, հա՞... Այ քեզ... տասը կտոր շաքարից ութն ես թողել, ութ կտոր դառնաս դու... ա՛յ քեզ, ա՛յ, ա՛յ... շատ էժան ենք առնում, հա՞, որ քոռ ու