Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/91

Այս էջը հաստատված է

նա հևում էր՝ երկար տեղ վազած մարդու նման։ Իսկ Անանը, աչքերը փակ, ընկած էր հատակին մեջքի վրա և նվում էր միալար, հազիվ լսելի ձայով։

* * *

Ամառվա երկարատև, անտանելի տոթ օրը նոր էր մթնել։ Պառավ Հեղնարը և նրա երկու փոքրիկ թոռները — մեկը տղա, մյուսն աղջիկ — ծալապատիկ նստած էին թախտի վրա և հայտնի չէ՝ ճաշ թե ընթրիք էին ուտում, որովհետև իրենք էլ չգիտեին ո՛րն է իրենց ճաշը և ո՛րն ընթրիքը։ Կապույտ սուփրի վրա պլպլում էր մի փոքրիկ լամպ, որ չմաքրած ապակու միջից պղտոր լույս էր սփռում նրանց հոգնատանջ, քրտնած երեսներին։ Նրանց կերածը փռան սև հաց էր և կիսախակ մի ձմերուկ, որի գույնը դժվար էր որոշել՝ սպիտա՞կ էր, թե դեղին։ Լամպի լույսն իր շուրջը հավաքել էր ահագին թվով մանր մժեղներ, որոնք պտույտ էին անում տաք ապակու շուրջը, շատերն այրվում թափվում էին ներքև, շատերն էլ կպչում թաց ձմերուկից։

Պառավ Հեղնարը ցամաքած, կուչ եկած մի կին էր դեմքի անհամար խորշոմներով։ Հարատև չքավորությունն ու բախտի ծանր հարվածները ծռել էին նրա մեջքը և իրենց անջնջելի կնիքը դրոշմել նրա դեմքին և թախծալի աչքերի մեջ։ Թոռները — քույր ու եղբայր — որբ էին և մնացել էին պառավ տատի խնամքի տակ։ Այդ երկու փոքրիկ երեխաներն էին, որ պառավ Հեղնարին եռանդ էին ներշնչում ապրելու և աշխատելու։ Բայց պառավ Հեղնարը մի ավելի մեծ վիշտ ուներ. այդ՝ երկու որբերի մեծ քրոջ — Անանի վիճակն էր իր կիսախելագար սկեսոր և նրանից ոչ պակաս վայրագ ամուսնու ձեռքից։

Պառավի մշտական պարապմունքը լվացարարությունն էր և հաց թխելը։ Շատ լվացք անելուց և թոնրի մեջ հաց կող տալուց նրա դեմքի և ձեռքերի կաշին եռացրած ջրի և թոնրի կրակի մեջ մրկվել, չորացել, ճաքճաքել, մագաղաթ էր դարձել։ Լվացք անելիս փոքրիկ թոռներն օգնում էին տատին. մեկը փայտն ու տաշեղները խտտած, մյուսը կաթսան ուսած և լվացքի թաբախը քարշ տալով առաջնորդում էին