Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/95

Այս էջը հաստատված է

թոռանը։ Վշտից և կարեկցությունից նրա պառավ գլուխն օրորվում էր սաստիկ և բարի աչքերը լցվել էին արտասուքով։

— Աղջի, ըտենց որ խոսում ես, սաղ ջանս կրակ ա ընկնում ախր,— ասաց նա լացակումած։— Ասում ես, թե էլ չես գնա ընտեղ, եննա դրանով կպրծնե՞ս էն կապելու գժերի ձեռիցը։

— Չեմ պրծնի՝ ավելի լավ,— պատասխանեց Անանը, շարունակելով հեծկլտալ։— Սրանից ավելի ի՞նչ պտի անեն։ Սպանե՞ն, թող սպանեն։ Ջանս էլ ա կդնջանա։ Էլ խո ամեն օր դաղդղորիկ չեն ածի։ Գշերները չեմ կարում քնի՝ մղկտոցից,— ավելացրեց նա և արտասուքը նորից սկսեց գլգլալով թափվել նրա աչքերից։

Պառավ Հեղնարն այլևս չկարողացավ դիմանալ։ Նրա գլուխը դադարեց օրորվելուց, հանգած աչքերը վառվեցին հուսահատական վճռականության կրակով և պառավ մարմինն սկսեց դողդողալ ներքին բուռն զայրույթից։

— Լա՛վ, մնա՛։ Էլ չգնաս, էլ չգնաս էն կապելու գժերի տուն,— բացականչեց նա։— Ես նրանց աղջիկ չեմ տվել, որ համ քոծի պես բանեցնեն, համ էլ տակները դնեն, ջարդեն։ Մումի պես հալել մաշել են, հալվի ու մաշվի նրանց ջանը։ Անտեր չես, ես հըլա չեմ մեռել։ Կաց, էլ չգնաս։ Հալբաթ մի կտոր հաց էլ քեզ հմար կճարենք, որ...

Խոսքը չվերջացավ պառավի բերանում. գժված գոմշի պես ներս ընկավ մի ահագին մարդ, այնքան ահագին, որ ներս ընկնելուն պես կասես լցրեց իրենով այդ փոքրիկ խրճիթը։ Անանի մարդն էր, դրոգապան Յագորը, իր դրոգի պես կոպիտ ու անտաշ, իր հսկա ձիու պես խոշոր ու ջլապինդ։ Գլխին գդակ չուներ, արևառ երեսն այնքան թավամազ էր, որ մորուքն ու բեղերը կասես խառնվել էին իրար, կուրծքը բաց էր, կապույտ արխալուղով և այնքան լայն շալվարով, որ եթե տոտերը հաներ անկրունկ երկարաճիտ լափչիների միջից, կկարծեիր, թե կանացի շրջազգեստ ունի հագին։ Կատաղությունից փայլում էին նրա ահագին աչքերը թավամազ, սև հոնքերի տակ, մեծ քթի պնչերը փռնչում էին հոգնած ձիու ռունգների պես լայնացած։

Կինը նրան տեսնելուն պես վայրկենաբար դադարեց լալուց,