Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/99

Այս էջը հաստատված է

ածած ձուն և գնում թաղի մանրավաճառի մոտ, որը զանազան մանրուքի և մրգեղենի հետ հաց էլ էր ծախում, օգտվելով այն հանգամանքից, որ թաղում հացթուխ չկար։

— Բաղգո ջան, էրկու ձվի հաց տա՜ս,— ասում էր նա խնդրական եղանակով։

Մանրավաճառը ձվերը մեկ-մեկ շարժում էր ականջի մոտ։

— Էս մեկը լակ ա, Մարան նանի,— ասում էր նա կատակով։

— Վո՜ւյ, չէ, Բաղդո ջան, ըսօր են ածել։ Ես ըսկի լակ ձու կունենա՞մ:

— Մարան նանի, ի՞նչ կանես, որ հավերիդ ձվամանը չորանա,— շարունակում էր կատակ անել մանրավաճառը, մի ֆունտ հաց կշռելով:

— Վո՜ւյ, մի՛ ասի, Բաղդո ջան։ Աստոձ, ոչ անի. էլ իմ պահողն ո՞վ կըլի։

— Բա տղեդ։

— Տղիս էրեսը սևանա, ըսկի տեսնում ե՞մ, որ։

Սակայն, իհարկե, տարին տասներկու ամիս երկու հավի ձվով ապրել չէր կարելի։ Աշխարհը չէր չորացել, կային բարի հարևաններ, որոնք երբեմն-երբեմն չէին խնայում իրենց տաք կերակրից նրան էլ բաժին հանելու, կամ ուրիշ բանով օգնելու։ Ինքն էլ, որքան ներում էին ուժերը, բուրդ էր մանում, առավոտից մինչև երեկո ածխավաճառի խանութում նստած՝ ածուխի մրոտ, ծակծկած տոպրակներ կարկատում։

Հավերից մեկը շարժվեց և քնաթաթախ մի խուլ կռկռոց արձակեց։

— Ջա՜ն, ջա՜ն, մատաղ, ջա՜ն,— արտասանեց պառավ Մարանը և հորանջեց:

* * *

Կեսգիշերից բավական անցել էր։

Երկար տանջվելուց հետո Մարանը նոր էր խոր քնի մեջ ընկել, երբ հանկարծ ինչ-որ դրնգդրնգոց արթնացրեց նրան։ Վախեցած բարձրացրեց գլուխը և նայեց մթության մեջ։

Դուռը ծեծում էին, ըստ երևույթին, բռունցքով ու ոտով,