Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/241

Այս էջը սրբագրված է

նմանում էր ականատ ընկած մկան, որ շատ դես-դեն ընկնելուց և դունչը երկաթալար ցանցերին արնոտելուց հետո տեսնելով, որ ազատվելու հնար չկա, տապ է անում և աչքերը պլզած սպասում իր անխուսափելի վախճանին:

Իսկ այդ վախճանը մոտենում էր, սկզբում թեև դանդաղու երերուն, բայց հետզհետե ավելի ու ավելի արագ և հաստատուն քայլերով:

Ամենից առաջ քաղաքային դուման, բանկը, կլուբը, ակցիոներական ընկերությունները-այդ բոլորը հօդս ցնդեցին, ինչպես երազներ, և Դավիթ Ֆոմիչը զգաց իրեն ինչպես ջրից ցամաք նետված ձուկը: Հետո՝ աստիճանաբար եկան հօդս ցնդելու նրա անձնական սեփականությունները. ազգայնացվեց սապոնի գործարանը, հետո՝ երկրորդը, երրորդ տունը և ամենից վերջը հերթը հասավ այն տանը, ուր ապրում էր ինքը և մենք- բակի կենողներս:

Այս տան վրա նա պետք է որ ամենից ավելի դողալիս լիներ, որովհետև այստեղ իր բնակարանի միմիայն կահավորանքը մի ահագին հարստություն էր, որի գոնե մի մասը չէր կարողացել կամ չէր ուզեցել որևէ տեղ պարտկել: Սենյակներից մեկի պատի մեջ պարտկել էր միայն տան մեջ ունեցած ամենաթանկագին մանր-մունր իրեղենները- ոսկեղենը և արծաթեղենը, որը ինչ-ինչ պատճառներոմ չէր կարողացել ընտանիքի հետ ճամփել արտասահման: Այս բանը բացվեց նրա մահից հետո տան մեջ կատարված վերանորգման ժամանակ:

Սապոնի գործարանը, հյուրանոցը, մյուս տները ազգայնացվելուց հետո ուզեց փրկել գեթ այս վերջին տունը և ուրիշ ճար չգտնելով՝ դիմեց գլուխը հողի մեջ թաղող ջայլամի «խորամանկության». դրա համար ամենից առաջ պոկեց իր շքադռան վրա փակցված երկաթե տախտակը, որի վրա ոսկե տառերով փորագրված էր իր անուն-ազգանունը. հետո քանդեց այդ դռան էլեկտրական զանգակի կոճակը, դուռն էլ պինդ փակեց և ներս ու դուրս էր անում բակի դռնից: Դեպի փողոց նայող բոլոր պատուհանների տախտակե փեղկերը գիշեր-ցերեկ փակ էր պահում: Արձակել էր տան բոլոր ծառայողներին: Ցեեկը երբեք տանը չէր մնում. առավոտյան