Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 3 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/6

Այս էջը սրբագրված է

խուլ աղմուկի մեջ հնչում էր մի առանձին խորհրդավորությամբ, ինչպես դավադիրների քչփչոց։ Դռներից մեկը բացվեց, ցուրտ օդի մի հոսանք ներս թողնելով, և շրխկալով փակվեց նորից։

—«Միխայլովո»,— լսվեց կոնդուկտորի ձայնը։
Երիտասարդն աչքերը բաց արեց, ձեռները կամաց հանեց վերարկուի թևերի միջից, ոտները դանդաղորեն ցած թողեց նստարանից, նստեց և գլխարկը բարձրացրեց աչքերից։ 

Կոնդուկտորն անցավ վագոնի երկայնքով և դուրս գնաց հակառակ կողմից, դուռը նորից շրխկացնելով իր ետևից։

Լսվեց շոգեմեքենայի երկար խուլ սուլոցը, որ կարծես Հորից էր դուրս գալիս, և մի քանի րոպեից հետո գնացքը կամաց-կամաց դանդաղեցնելով իր ընթացքը, անզգալի կերպով կանգ առավ <<Միխայլովո>> կայարանում։ 

Երիտասարդը վեր կացավ և մի րոպե տատանման մեջ էր՝ դո՞ւրս գնա, թե ոչ։ Բայց տեսնելով, որ ամենքը դուրս են գնում, ինքն էլ հետևեց նրանց։

Հենց ոտը գցեց պլատֆորմի վրա և ուզում էր ուղղվել դեպի բուֆետի դահլիճը, մեկը, որ՝ մի փոքրիկ ճամպրուկ ձեռին բռնած՝ շտապ քայլերով անցնում էր նրա առաջով, հանկարծ կանգ առավ և նայեց նրան։
Դա մոտ երեսուն տարեկան, խիստ համարձակ և վերին աստիճանի կրակոտ աչքերով մի երիտասարդ էր, որի այրական գեղեցիկ արտաքինին ուրույն գրավչություն էր տալիս զուտ արտիստական ճաշակով կարված նրա հագուստը — կինամոնագույն փափուկ կաստորի գլխարկը, նույն գույնի մահուդի կարճ բաճկոնը, աջ ուսից ձախ կողքին կախ ընկած սև պայուսակով, և երկարաճիտ պլպլան կոշիկները։
— Շահյա՞ն... Լևո՞ն,— բացականչեց նա, ճամպրուկն աջ ձեռքից արագությամբ փոխադրելով ձախ ձեռքը:
Շահյանն իր պլպլան ակնոցի միջից կես-զարմացած, կես-ապուշ հայացքով նայեց նրա ահագին սևաթույր աչքերին։
— Բա...բա...— մեքենայաբար արտասանեց նա. ըստ երևույթին ջանք անելով հիշելու նրա անունը։
— Հա, հա, Բազենյան,— վրա գցեց նրան իր անակնկալ բարեկամը և պինդ սեղմեց նրա ձեռքը։— Տնաշեն, մի՞թե այնքան թույլ հիշողություն ունիս, որ մինչև անգամ ինձ էլ չես 

6