Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/101

Այս էջը հաստատված է

զգացմունքով առավ նրա ձեռքերն և ամուր֊ամուր սեղմելով նրան՝ ասաց.

— Ուրեմն դու պետք է մոռանաս այն բոլորն, ինչ որ ակամայից ես պատճառել եմ քեզ, Նո՛ւնե․․․ դուք ևս, պարոն Հարունյան... գուցե ձեզ ևս մի որևիցե անախորժություն եմ պատճառել... Կրկնում եմ, գլխացավս ինձ մի այնպիսի սարսափելի դրության մեջ էր ձգել, որ ես ինձ բոլորովին կորցրել էի և, շատ կարելի է, որ ես մի որևիցե բանով ձեզ նեղացրած լինեմ այդ ժամանակ...

— Իզուր դուք այդպես անհանգստանում եք, իշխանուհի,— ասաց պարոն Հարունյանը։— Ոչ ոք ձեզանից նեղացած չէ և իրավունք չունի նեղանալու․․․ Դուք ի՞նչ մեղավոր եք, որ գլխացավը ձեզ այն դրության մեջ էր գցել... իսկ այժմ ես շատ ուրախ եմ, որ վերջապես այդ գլխացավն անցել է բոլորովին, և դուք ձեզ հանգիստ ու թեթևացած եք զգում։

Իշխանուհին այդ խոսքերի վրա նրա դեմքին խոր նայեց․ արդյոք նա դարձյալ ամեն բան հասկանո՞ւմ է և ծաղրո՞ւմ է նրան։ Բայց նա ոչինչ հետևանքի չհասավ, որովհետև պարոն Հարունյանի դեմքն այդ րոպեին բոլորովին լուրջ էր և ինչ֊որ մտածության արտահայտություն կար նրա վրս։

— Ինչևիցե,— ասաց նա։— Ուրեմն դուք ամեն բան հասկանում եք և ներում եք ինձ... իսկ այժմս ես կամենում եմ ձեզ անպատճառ հյուրասիրել իմ դաստակերտում, իբրև տուգանք... և, իհարկե, դուք ինձ չեք մերժիլ, այնպես չէ՞, պարոն Հարունյան․․․ Նունե, դու խո բոլորովին չես մերժիլ։

— Մերժե՛լ,— կանչեց տիկին Հարունյանը ծիծաղելով։— Դու ինձ ծաղրո՞ւմ ես, Սոֆիա։

— Ուրեմն դու համաձայն ես․․․ իսկ դո՞ւք, պարոն Հարունյան։

— Ուրախությամբ, իշխանուհի,— պատասխանեց պարոն Հարունյանը՝ տեսնելով, որ անկարելի է նրա խնդիրքից խույս տալ։— Երբ դուք այդ խնդրում եք, ես անկարող եմ մերժել․․․

Ի՜նչպես դուր եկան այդ խոսքերն իշխանուհուն, որ տակավին առաջին անգամ էր լսում այդ օտարոտի մարդու բերանից։ Ի՞նչ կլիներ, եթե այդ խիստ մարդը միշտ