Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/106

Այս էջը հաստատված է


և որոնք, ինչպես երևում էր, բոլոր ժամանակը նրա վրա էին հառած։ Պարոն Հարունյանը նայեց և յուր կնոջը, որ քայլում էր Պետրովի հետ․ կինը ժպտում էր, որպես ժպտում է միամիտ, անմեղ երեխան... Եվ այդ ժպիտը տեսնելով, ի՞նչ զգաց արդյոք պարոն Հարունյանը...

ԺԴ
ՍԵՐ, ԽԻՂՃ ԵՎ ՈԻՂԵՂ

Եվ այսպես, իշխանուհու և Հարունյանների մեջ եղած բարեկամական կապը նորոգվեցավ ու առավել ևս ամրապնդվեցավ։ Պարոն Հարունյանն արդեն նեղ տեղն ընկավ։ Իշխանուհին— այդ գեղեցիկ, սատանա կինն յուր անվերջ հետամտությամբ նորից բորբոքեց նրա սրտի մեջ արդեն մոխիր կտրող սիրո բոցը, որ այժմ առավել ևս սկսել էր նրան տանջել և հանգստություն չտալ։ Ամառանոցում նա այլևս կարող չէր գործերը պատճառ բերել և խույս տալ իշխանուհուց, այլ ստիպված էր ամենայն օր տեսնել նրան կամ յուր տանը, կամ նրա դաստակերտում և շատ անգամ ողջ օրը նրա հետ անցկացնել։ Լինում էին րոպեներ, երբ նա ամենայն հոժարությամբ ցանկանում էր փախչել հեռու, հեռու, մի այնպիսի տեղ, ուր այդ գեղեցիկ կինը բնավ չկարողանար ոտք կոխել և վրդովել նրա ընտանեկան խաղաղությունը։ Եվ այդ րոպեներին ի՞նչ չէր տալ, ի՞նչ չէր անիլ նա, եթե միայն ընդմիշտ կարողանար ազատվել այդ գեղեցկուհուց, որ ամենուրեք ստվերի նման նրան հետևում էր։ Բայց և լինում էին րոպեներ, երբ նրա սիրտը, հոգին, ամբողջ գոյությունը, կարծես, ուզում էր թռչել, սլանալ դեպի այդ հրաշալի գեղեցկությունը, ուզում էր հավիտյան լինել նրա մոտ, նրա կողքին, հավիտյան նայել նրան, հավիտյան լսել նրա հոգեզմայլ ձայնը․․․ Երբ սերը նրան շատ էր նեղացնում, նա եղբոր հետ գնում էր որսի և ողջ օրը այնտեղ էր անցկացնում, որպեսզի ցրի իրեն անդադար զբաղեցնող մտքերը։ Բայց իզո՜ւր, իշխանուհին յուր դյութությունները թափել էր նրա սրտի խորքերը, ուր նրանք