Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/107

Այս էջը հաստատված է

անդադար ատում, կրծում էին, ինչպես ցեցեր։ Այժմ նա առավել ևս զգում էր, որ ոչինչ այնքա՛ն դժվար կարող չէ լինել, որքան պատերազմը, որ մարդ մղում է յուր սիրո զգացմունքի դեմ։ Յուր բոլոր հաստատակամությամբ նա կարծում էր, որ մի այդպիսի հերոսություն բնությունից մարդուն տված չէ և մարդ՝ հաղթության հաղթանակի հուսով իզուր ամենայն ջանք գործ կդնե սիրո դեմ համառությամբ կանգնելու... Ի՞նչ աներ։ Նա զգում էր, որ հուսահատությունը կամաց֊կամաց տիրում է իրեն...

Անցնում էին օրեր, շաբաթներ...

Գիշեր էր։

Գրասեղանի վրա վառվում էր թանկագին լամպարը։ Նրա կապույտ լուսամփոփից սենյակի մեջ ամեն ինչ կապույտ լույս էր ստացել։ Կապույտ գույն էր ստացել և պարոն Հարունյանը, մանավանդ որ հագած ուներ թավիշե կապույտ խալաթ։ Նա մենակ էր սենյակում։ Ետ էր ընկած լայն բազկաթոռի մեջքի վրա, գրասեղանի առաջ, և անթարթ աչքով նայում էր բարձր առաստաղին։ Ո՛չ մի շարժում. եթե աչքերը բաց չլինեին, նայողը չէր կասկածիլ, որ նա քնած է։ Նրա դեմքի վրա, սովորական լրջության, հանգստության փոխարեն կարելի էր նկատել մի տեսակ ծանր, տանջող վշտի արտահայտություն։

Նա մտածում էր։ Մտածում էր յուր դրության մասին, բայց այդ ժամանակ նրա մեջ սիրտը, սիրո զգացմունքներն ավելի մեծ ուժով էին գործում, քան գործում էր ուղեղը։ Նա զգում էր, որ ամեն տեսակ լուրջ խոհականություն, ամեն տեսակ պարզ հեռատեսություն սիրո ինքնակամ զգացմունքների առաջ աղոտանում են․ նա զգում էր, որ կամքը, հաստատամտությունը սիրո առաջ ընկճվում է, որպես թզուկը՝ վիթխարիի առաջ։

«Ո՞ւմ դեմն եմ պատերազմում ես,— մտածում էր նա,— բնության անշեղ օրենքի դեմ։— Իզո՜ւր, դոն-քիշոտակա՜ն պատերազմ։— Կարելի՞ է արդյոք արևին ասել,— լույս մի՛ տար, որովհետև ես խավար եմ ուզում— կամ հրամայել ալեկոծ ծովին, որ նա խաղաղվի... Եվ արդյոք մինչև ե՞րբ պետք է տևի այս պատերազմը․.. մինչև ե՞րբ պետք է դիմանամ