Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/109

Այս էջը հաստատված է

սերը, և այդ ուժգին աղաղակի մեջ խլացավ ուղեղի և խղճի թույլ աղաղակը։

«Արի՛, արի՛ ինձ մոտ, անմի՛տ դու մարդ,— այս անգամ սերը, կարծես, սկսեց երգել.— երջանկությունն ես ինքս եմ։ Որպես զովարար ցող, ես իջնում եմ մարդիկների սրտերի վրա և լվանում եմ դառնության փոշին․․․ Որպես եդեմական թովչարար ծաղիկ, ես բուրում եմ, և իմ բուրմունքս քաղցրագույն թմրություն է շնորհում․․. Իմ համբույրս դյութիչ ինքնուրացություն է, իմ մի րոպես հազար կյանք արժե, իսկ գիրկս— հազար դրախտներ․․․ Արի՜, արի՜․․․»։

Նա ընկավ խորին հափշտակության մեջ։ Սիրո հրաշալի երգը հնչում էր նրա ականջներում, որպես կանաչագեղ կղզու սիրենների դյութիչ մեղեդին։ Դրա ազդեցության տակ նրա ուղեղը կաշկանդվել էր։ Կին, զավակ, հավատարմություն, բարոյականություն և ամեն ինչ ծածկվել էր թանձր վարագույրով․ նրա առաջ հրաշալի դիրքով կանգնած էր կնոջ գեղեցկության մի կատարելատիպ, որ փափուկ ձեռքով կանչում էր նրան, և նրա ժպիտը կյանք էր բաշխում, նրա շունչը հեշտություն էր տարածում․․․ Ա՛խ, ընկնել նրա ոտների առաջ և երջանիկ ինքնուրացության մեջ հալվե՜լ, հալվե՜լ, որպես հալվում է ձյունը գարնանային արևի ճառագայթներից․․․

Հարևան սենյակում ինչ-որ չրխկաց։ Եթե այդ րոպեին դուրսը թնդանոթ անգամ արձակեին, նա գուցե չլսեր, բայց հարևան սենյակի թույլ չրխկոցը իսկույն սթափեցրեց նրան։ Նա հանկարծ բարձրացրեց գլուխը, արագությամբ նայեց սենյակի դռան կողմն և իսկույն, ինքն էլ չիմանալով թե ինչո՛ւ, վեր կացավ տեղից։ Նա շունչն ակամայից իրեն քաշեց, և նրա չռած աչքերը հառած մնացին հարևան սենյակի դռան վրա։ Այդպես նայում են ոճրագործները, որոնք կարծում են, թե մեկը գաղտնի վկա է իրենց ոճրագործության, մի րոպե այդպես նայելուց հետո հավաստիանալով, որ հարևան սենյակում ամեն ինչ լուռ է, նա, ըստ երևույթին, հանգստացավ, խոր հոգոց հանեց, հոնքերը խորին դառնությամբ կիտեց, ձեռքը մի քանի անգամ շփեց ճակատին և հանդարտ քայլերով սկսեց անցուդարձ անել սենյակի երկարությամբ։ Ամբողջ հատակը ծածկված էր գորգով, որ