Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/11

Այս էջը հաստատված է

Օրիորդ Սոֆիան, որի գեղեցկությամբ ամենքը հիացած էին, կրթվում էր այն հոգով, որ առաջ մեր հարուստ հայ ընտանիքների մեջ մի տեսակ «մոդայի» կարգն էր դասվում։ Կուրացած լինելով իրենց ծնողական ամենաքնքուշ, բայց չափից անցած սիրուց, նրա ծնողները շատ քիչ ուշադրություն էին դարձնում նրա դաստիարակության բարոյական կողմի վրա։ Նրանք իրենց այդ միակ, անգին զավակին միշտ և ամեն ժամանակ գգվում, փայփայում և պաշտում էին, ինչպես մի սուրբի. ոչինչ նրանց համար աշխարհիս երեսին գոյություն չուներ, բացի իրենց այդ սիրուն, հրեշտակային փոքրիկ աղջկանից, որի մեջ միայն ևեթ նրանք կենտրոնացած էին տեսնում իրենց գոյությունը։ Մի խոսքով՝ ծնողները զավակի ստրուկներն էին դարձած։ Այդ փոքրիկ աղջիկը համարձակ կերպով ապտակ էր խփում հորն, ապտակ էր խփում մորը, քաշում էր նրանց մազերը— և նրանք մեծ, հոգեզմայլ բավականությամբ առնում էին նրա փոքրիկ ձեռքերը, որոնցով նա ապտակում էր նրանց, քաշում էր նրանց մազերը, և նրանց վրա լցնում էին անհամար ջերմ համբույրներ․․․ Եվ այդպիսով ծնողները չէին տեսնում կամ չէին ուզում տեսնել, թե ի՛նչպես դեռ վաղ մանկությունից այդ փոքրիկ աղջկա մեջ հետզհետե արմատ էին բռնում ու հաստատվում շատ ու շատ բաներ․.. թե ի՛նչպես նրա մանուկ, անմեղ սրտում բնակալում էին շատ գարշելի և սոսկալի որդեր...

Տասնևութ տարեկան հասակում, նրանից անսպասելի հաջողությամբ, նա ավարտեց օրիորդական գիմնազիոնը, գիտենալով ընդ նմին հայերեն փոքրիշատե վարժ կարդալ և կոպիտ սխալներով գրել, որն, այնուամենայնիվ, գովելի էր, նայելով այն հանգամանքներին, որոնց մեջ նա մեծանում էր ու սովորում։ Իսկ քսան տարեկան հասակում, երբ հասել էր արդեն յուր կուսական գեղեցկության և հասունության գագաթնակետին, նա ամուսնացավ մայրաքաղաքից եկած Մելիքյան անունով մի երիտասարդ իշխանի հետ, որ պատահել էր նրան պարահանդեսում և առաջին հայացքից սիրահարվել էր նրա վրա։ Բայց հպարտ և փառասեր օրիորդ Սոֆիային, որին մինչև այդ ժամանակն էլ շատերն առաջարկել էին իրենց սիրտն ու հարստությունն և որոնց նա մերժել