Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/112

Այս էջը հաստատված է

Բայց արդյոք Հարունյանը հասկանո՞ւմ էր, զգո՞ւմ էր, թե որքա՛ն հանդուգն քայլ է այդ։ Գուցե հասկանում էր, բայց ինչպիսի քայլ էլ որ լիներ այդ, նա անպատճառ պետք է աներ, որովհետև բացի դրանից, նա ուրիշ ավելի լավ, հարմար միջոց չէր կարողացել գտնել յուր դրությունից դուրս գալու համար։

Նա կազմել էր մի երկար ծրագիր, թե ի՛նչպես ինքը պետք է մտնի իշխանուհու մոտ, ի՛նչպես և ի՛նչ խոսքով պետք է վերջացնի յուր խոսակցությունը։ Այդ ծրագիրը, մի քանի անգամ կրկնելով, նա բերան էր արել և սպասում էր հարմար միջոցի, որ կարողանա գնալ իշխանուհու մոտ։

Առավոտյան նրան չհաջողվեցավ գնալ, որովհետև, Արմենակը, որ մի քանի գործերի պատճառով պետք է գնար քաղաք, արգելք եղավ։ Կեսօրից հետո նա ավելի հարմար դատեց գնալու, որովհետև այդ ժամանակ իշխանուհին, նրա կարծիքով, բոլորովին մենակ կլիներ։

Ժամի հինգն էր, երբ նա պատրաստվեցավ գնալու։ Հագնվելիս նա առանձին ուշադրություն դարձրեց հագուստի և սանրվածքի վրա։ Ինչո՞ւ։ Այդ ինքն էլ չգիտեր։

— Նունե, գնում եմ անտառը զբոսանքի,— խաբեց նա կնոջը։

— Ինչո՞ւ այդպես վաղ,— հարցրեց կինը։

— Իրիկվանից դեռ ես ինձ վատ եմ զգում․․․ գլուխս ցավում է... այրվում է, ուզում եմ գնալ փոքր-ինչ հովին դիպչել։

— Ուրեմն՝ սպասիր, սիրելիս, միասին գնանք. ես իսկույն կհագնվեմ...

— Ոչ, ի՞նչ հարկավոր է, Նունե. ես մենակ կգնամ․․․ դու կաց տանը... եղանակն այսօր վատ է... և լավ կանես, որ տնից բոլորովին դուրս չգաս... Ես իսկույն կվերադառնամ...

— Լավ, սիրելիս, միայն անհամբեր և անհանգիստ կսպասեմ քեզ։

— Այո, սպասիր ինձ և տնից բոլորովին դուրս մի գար... Ես շուտով կվերադառնամ։

Ամուսինը դուրս գնաց. կինն ակամա մտախոհ կերպով նայեց նրա ետևից։