Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/117

Այս էջը հաստատված է

ձեզանից գթություն հայցելու։ Անշուշտ դուք այնքա՛ն ազնիվ եք, այնքա՛ն գթասիրտ, որ չեք ցանկանալ իմ այս սարսափելի տանջանքը... Այլևս ուժ չկա, իշխանուհի, ուժ... զգում եմ, որ ընկճվում եմ․․․ բացահայտ հետևանքը զարհուրեցնում է ինձ, և այդ պատճառով ամբողջ գոյությունս անասելի կերպով տանջվում է, հեծում է, որպես մի մարմնացյալ թշվառություն․․․ Օ՜հ, խաչս ծանր է, իշխանուհի՛, օգնեցե՛ք ինձ, օգնեցե՛ք․․․

Վերջին խոսքերի հետ նա կամաց դարձյալ ծունկ խոնարհեց իշխանուհու առաջ, այս անգամ համբուրելով ոչ թե նրա ձեռքը, այլ հանդերձի քղանցքը և, բոլորովին խոնարհեցնելով յուր գլուխը, շրթունքները սեղմեց նրա վրա։

Իշխանուհին բոլոր ժամանակ կանգնած էր արձանի նման։ Նրա դեմքը սաստիկ գունատվել էր․ կուրծքը շարժվում էր հանդարտ, շատ հանդարտ կերպով, ձեռքերը կախված էին թուլացած, շրթունքներն ամուր սեղմած էին միմյանց, աչքերը, կարծես խփված, շարունակ նայում էին ներքև, և նրա երկար, թուխ, սիրուն թերթերունքները մի շատ սքանչելի աղոտ ստվեր էին ձգում աչքերի տակ։ Ի՞նչ էր կատարվում արդյոք նրա ներսը— այդ աստված գիտե, բայց որ Հարունյանի խոսքերն ազդել էին նրա վրա, այդ ակներև էր։ Վերջինս տեսնելով յուր առաջ չոքած և համբուրելիս յուր հանդերձի քղանցքը, նա այս անգամ հեռու, շատ հեռու էր Ոլիմպոսից․ սիրո անհուն երջանկության արտահայտության փոխարեն՝ նրա դեմքն այժմ ստացել էր խորին վշտի և կարեկցության արտահայտություն։ Նա շտապով խոնարհվեց նրա վրա և, կամաց բռնելով նրա ուսերից, շշնջաց դողդոջուն ձայնով․

— Ստեփանո՛ս․․․ Հարունյա՛ն, ի՞նչ եք անում, վեր կացեք․․․

Հարունյանը բարձրացրեց գլուխը, բայց վեր չկացավ։ Նրա աղերսող հայացքը հանդիպեց իշխանուհու տխուր և կարեկցող հայացքին։

— Խղճո՞ւմ եք ինձ, կօգնե՞ք ինձ․․․— արտասանեց նա։

— Վեր կացեք, վեր կացեք,— կրկնեց իշխանուհին և դեմքը շուռ տվեց նրանից։

Հարունյանը վեր կացավ։