Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/118

Այս էջը հաստատված է

Իշխանուհին բոլորովին շուռ եկավ, երևում էր, որ չէր ուզում ցույց տալ նրան յուր դեմքը։ Հանկարծ նրա ուսերը թեթև կերպով ցնցվեցին։ Կարճ միջոց լռություն տիրեց։

— Սպասեցեք ինձ․ ես իսկույն գալիս եմ,— վերջապես ասաց նա հանդարտ, բայց մի տեսակ փոխված ձայնով և արագությամբ դուրս գնաց դեպի հարևան սենյակը։

Հարունյանը մնաց անշարժ՝ նրա ետևից նայելով։ Մի տեսակ հոգեկան թեթևություն էր զգում նա, ինչպես մի մարդ, որ յուր վրա դրված բարոյական ծանր պարտականությունն արդեն կատարած, վերջացրած է լինում, բայց միևնույն ժամանակ նրա սրտին տիրել էր մի տեսակ դառնություն, մի տեսակ վիշտ, որպիսին զգում է մարդ, երբ տեսնում է, որ արդեն հավիտյան կորցրել է յուր սրտին մոտ մի անգին բան։

Անցավ երկար, Հարունյանի համար շատ երկար ժամանակ։ Միևնույն տեղը կանգնած՝ նա շարունակ նայում էր այն դռանը, որտեղից դուրս գնաց իշխանուհին, նայում էր և սպասում, սպասում էր և մտածում․— ինչո՞ւ համար արդյոք դուրս գնաց նա․․․

Վերջապես դուռը բացվեց, և իշխանուհին ներս մտավ։ Այս անգամ ուսերի վրա նա գցած ուներ նուրբ գործվածքի մետաքսյա կապույտ փոքրիկ շալ, որ բոլորովին ծածկում էր նրա կուրծքը, իսկ մազերը պնդացրած ուներ ետևում։ Նրա դեմքն առաջվանից ավելի գունատ էր, իսկ աչքերը կարմիր էին և թաց, իսկույն երևում էր, որ նա լաց էր եղել, և լաց էր եղել դառն կերպով։ Հանդարտ քայլերով սենյակը մտնելով, նա մի տխուր, շատ տխուր հայացք ձգեց Հարունյանի վրա։ Հարունյանի սիրտը ճմլվեց, այդ հայացքի մեջ նա կարդաց ինչ-որ տխրուր, բայց խոր հանդիմանություն։ Նա չկարողացավ տանել այդ հայացքն և իսկույն հանցավորի նման աչքերը վայր թողեց։

— Նստեցեք և խոսենք, պարոն Հարունյան,— հանդարտ և տխուր ձայնով ասաց իշխանուհին, անմիջապես նստելով բազկաթոռներից մինի մեջ։

Հարունյանն, առանց նրան նայելու մեքենայաբար նստեց, նրանից բավական հեռու աթոռի վրա։

Երկար ժամանակ սենյակի մեջ կատարյալ լռություն