Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/120

Այս էջը հաստատված է

միմյանց սիրենք... Որքա՛ն սիրելի, որքա՛ն սքանչելի բան է անձնազոհությունն ընկերի երջանկության համար... Այդ ես էլ նոր եմ ըմբռնում, այդ ես էլ նոր եմ գնահատում, որովհետև...

Նա գլուխը բարձրացրեց և նայեց Հարունյանի դեմքին։

— Ա՜խ, եթե դուք գիտենաք, թե այս րոպեիս ի՞նչ է կատարվում իմ մեջ, ի՞նչ զարմանալի փոփոխություն,— շարունակեց նա։— Կարծես թե նոր մարդ եմ դառնում, բոլորովին նոր մարդ նոր հոգով, նոր զգացմունքներով, նոր ցանկություններով, որոնց նմանն առաջ բնավ չկար իմ մեջ․․․ Եվ այդ բոլորն այսքան կարճ միջոցում․․․

Նա լռեց և գլուխը դարձյալ կախեց կուրծքի վրա․․․

— Այժմ ես մտածում եմ՝ ի՞նչ էի առաջ և ի՞նչ եմ այժմ,— նորից շարունակեց նա կարճ լռությունից հետո։— Որքա՞ն դատապարտելի է թվում ինձ այժմ իմ անցյալը, կես ժամ, մի ժամ առաջվա իմ անցյալը․․․ Այն կյանքը, այն շրջանը, որի մեջ ես ապրում էի, որի հետ մանուկ հասակիցս ես հոգով և մարմնով կապված էի, այժմ ինձ այնքա՛ն դատարկ, այնքա՛ն չնչին, այնքա՛ն ատելի է թվում․․․ Ես այժմ զգում եմ, որ մինչև այժմ ո՛չ մի գեղեցիկ, ո՛չ մի բարոյական զգացմունք չէ վառվել իմ մեջ, մինչև այժմ ո՛չ մի բարձր, ո՛չ մի վեհ գաղափար չէ ոգևորել ինձ․․․ Ես ապրել եմ առանց մտածելու, ես ապրել եմ առանց զգալու․․․ հոգեկան սրբազան աշխարհը ծածկված է եղել ինձ համար թանձր վարագույրով․․․ սիրտս, հոգիս և այն ամենն, ինչ որ մարդկային բարձր արժանավորություն է, մեռած է եղել իմ մեջ․․․ Ինչացո՞ւ, ո՞վ կամ ի՞նչ եմ ես— այդ հարցերն ինձ համար գոյություն չեն ունեցել․․․ Ա՜խ, ի՞նչպես անփույթ, անխնամ են թողել իմ հոգու մշակությունը, ի՞նչպես վատ են դաստիարակել ինձ․․․

Նա դարձյալ լռեց և՝ գլուխը կախ՝ երկար ժամանակ, կարծես խոր մտածության մեջ ընկավ։ Իրավ որ այդ կարճ միջոցում նա զարմանալի փոփոխություն էր ստացել։— Նայելով նրա ձայնի ծանր եղանակին, խոսակցության միակերպ դանդաղությանն և գունատ դեմքի տխուր ու հանդարտ արտահայտությանը, հազիվ կարելի էր ճանաչել, որ դա առաջվա քաղցրաձայն, արագախոս, շարժուն և ամբողջապես