Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/131

Այս էջը հաստատված է

— Մայրի՛կ,— ասաց Մարիան սրտից։

Իշխանուհու հանդարտ և գունատ դեմքի վրա մի երջանիկ ժպիտ փայլեց, ճիշտ այնպես, ինչպես մթին ամպերի միջից արևը հանկարծ դուրս է նայում։

— Զավա՜կս․․․— շշնջաց նա, ինչպես բուռն սիրով սիրող մի մայր յուր հարազատ որդուն։— Զավա՛կս... զավա՜կս․․․ Մայր և զավակ․․․ ուրիշ ի՞նչ կա ավելի քաղցր, ավելի կյանք տվող, քան այդ երկու բառերը․․․ Զավա՜կս... օ՜, ո՞րտեղ էի ես մինչև այժմ, ի՞նչ էի անում, որ միայն այժմ եմ շնչում այս երկնային բառը... ես— թշվառականս, այս երջանկագույն բառը թողած՝ ուրիշ երջանկության ետևից էի վազում․․․ Զավա՜կս․․․ զավակս․․․ Օ՜, որպես լավ է այսպես․․․ ես կցանկանայի միշտ այսպես մնալ, միշտ, հավիտյանս․․․

Այդ միջոցին նա յուր դողդոջուն շրթունքներն անզգայաբար մոտեցրել էր նրա այտին և, երկար ժամանակ նրա վրա սեղմած ունենալով, նա շշնջում էր անդադար «զավակս» բառը։

Վերջապես նա թողեց Մարիային, ձեռքերը կցեց կրծքի վրա և գլուխը կախեց։ Մի րոպե այդպես մնալուց հետո, առանց գլուխը բարձրացնելու, հարցրեց նա հանդարտ ձայնով.

— Մա՛րիա, դու հիշո՞ւմ ես իմ ամուսնուս։

— Հիշում եմ, տիրուհի,— պատասխանեց աղախինը։

— Նա լավ երիտասարդ էր, Մարիա, շատ լավ երիտասարդ․․․ Նա գեղեցիկ էր․․․ նա բարի էր․․․ նա գառն էր, Մարիա․․․ Ամենքը նրան սիրում էին․․․ ամենքը նրան խղճում էին․․․ իսկ ե՞ս․․․

Նա լռեց և գլուխը կախեց։

— Իսկ ե՞ս,— կրկնեց նա։— Ես նրան չխղճացի․․․ ես թունավորեցի նրա մատաղ կյանքը․․․ Նա մեռավ․․․ Այնքա՛ն հանգիստ, այնքա՜ն սիրուն էր նա այդ ժամանակ, Մա՛րիա․․․ Նա կարծես քնած էր․․․ Նրան տարան գերեզմանատուն և հողի մեջ դրին․․․ Այնուհետև մի անգամ միայն ես այցելեցի նրա գերեզմանին, նրա վրա կանաչ խոտ էր բուսել․․․ Ես լաց չեղա այնտեղ, Մարիա․․․ Թաղելիս էլ իմ արցունքը կեղծ էր․․․ Ես նրան չէի սիրում․․․