Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/136

Այս էջը հաստատված է

Իրավ որ իշխանուհին այդ մի օրվա մեջ նկատելի կերպով փոխվել էր։ Դեմքը սաստիկ դժգույն էր, աչքերն ընկել էին խոր, կապույտը կապել էր նրանց շուրջը, վարդագույն շրթունքները ստացել էին բաց կարմիր գույն, սիրուն, կյանք շնչող ժպիտն այլևս չէր պսակում նրա դեմքն և մի տեսակ տխուր, մռայլ քող կարծես ծածկել էր նրան ամբողջապես։

Հարունյաններին տեսնելով, նա մեղմ, տխուր կերպով ժպտաց և սեղմեց նրանց ձեռքը։

— Պետք է ներեք ինձ, որ առավոտյան չկարողացա ձեզ ընդունել,— ասաց նա.— երեկ գիշեր մրսել էի, ի՞նչ էր, չգիտեմ, միայն այսօր... շատ վատ էի զգում ինձ։

Նա մի առանձին հայացքով նայեց Հարունյանին, բայց Հարունյանը չէր նայում նրան

— Այժմ ի՞նչպես ես զգում քեզ,— հարցրեց տիկին Հարունյանը։

— Փոքր֊ինչ լավ․․․ Բայց շատ շնորհակալ եմ ձեզանից, որ դուք այժմ ինձ մենակ չթողիք։ Խնդրեմ ներս եկեք։

Երեքն էլ ներս մտան։ Կարճ ժամանակից հետո եկավ և Պետրովը, բայց իշխանուհին նախապես հրամայել էր աղախնուն, որ նրան չընդունե։ Այդ երկրորդ անգամն էր, որ խեղճ Պետրովը վռնդվում էր նրա տնից։ Առանց Պետրովի, երեքով խոսեցին, ժպտացին, թեյ խմեցին, և այդ բոլորը տիկին Հարունյանի շնորհիվ միայն․ իսկ իշխանուհին և պարոն Հարունյանը ոչ դատարկաբանության սիրտ ունեին, ոչ ժպտալու և ոչ թեյ խմելու։ Նրանք երբեմնակի, տիկին Հարունյանից թաքուն, նայում էին միմյանց աչքերին, և նրանց այդ տխուր հայացքները փոխադարձաբար, կարծես, երկար պատմություններ էին անում միմյանց։

Տիկին Հարունյանն իշխանուհու խնդրանոք նստեց դաշնամուրի առաջ և սկսեց ածել։ Այդ ժամանակ իշխանուհին կարողացավ ծածուկ ինչ֊որ թղթի կտոր դնել պարոն Հարունյանի ձեռքը։ Վերջինս իսկույն թղթի կտորը պահեց գրպանում։

Երբ իշխանուհուց բաժանվեցին և գնացին տուն, պարոն Հարունյանն առանձնացավ յուր սենյակը և կարդաց թղթի կտորի վրա մատիտով գրված հետևյալ մի տողը. «Հաջողեցրեք մի անգամ առանձնապես տեսնվել ինձ հետ»։