Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/137

Այս էջը հաստատված է

Հարունյանն աշխատեց որքան կարելի է շուտով հաջողացնել այդ երկրորդ առանձնակի տեսակցությունը, որովհետև նա կամենում էր վերջապես վերջ տալ յուր անտանելի դրությանը։

Բայց ո՞րտեղ պետք է տեսակցել— այդ միտքը տանջում էր նրան։ Նա չէր ուզում առաջվա նման խաբել կնոջը և իշխանուհու հետ տեսնվել նրա դաստակերտում, որովհետև վախենում էր, որ չլինի թե կինը` չգիտենալով, հանկարծ վրա հասներ իրենց. իսկ այդ բավական էր, որ միամիտ կինը կասկածանքի տեղիք ունենար, որից այնպես խույս էր տալիս Հարունյանը։ Վերջապես, շատ մտատանջվելուց հետո, նա մտածեց, որ անտառում կարելի է տեսակցել բոլորովին ապահով կերպով։

Հետնյալ օրը, երբ կնոջ հետ դարձյալ այցելության գնաց իշխանուհուն, նա նույնպես, կնոջից ծածուկ, կարողացավ նրա ձեռքը դնել մի թղթի կտոր, որի վրա գրված էր հետևյալը․ «Եթե կբարեհաճեք վաղը առավոտյան ժամը վեցին եկեք անտառն. ես այնտեղ անհամբեր կսպասեմ ձեզ։ Ամենահարմար և ամենաապահով տեղն է, որտեղ համարձակ կարող ենք մենք տեսակցել միմյանց»։ Իշխանուհին անմիջապես դուրս գնաց հարևան սենյակն, երևի կարդալու և, երբ մի րոպեից հետո դարձյալ ներս մտավ, թեթևակի գլխով արեց Հարունյանին։ Հարունյանը հասկացավ, որ նա համաձայն էր անտառում տեսակցելու։

Նույն գիշեր Հարունյանն ամենևին աչք չխփեց։ Ի՞նչ պետք է խոսի արդյոք իշխանուհին, ի՞նչ վախճան պետք է ունենա արդյոք իրենց այդ երկրորդ առանձնակի տեսակցությունը. արդյոք դրանով վե՞րջ պետք է տրվի յուր անտանելի դրությանը, թե նորանոր և ավելի վատթար դրությունների նախադուռը պետք է բացվի,— ահա այդ մտքերն էին զբաղեցնում նրա ուղեղը։ Գիշերն անցնում էր սպանիչ դանդաղությամբ. կարծես երբեք այլևս չպետք է լուսանար:

Առավոտյան ժամի հինգն էր, երբ նա պատրաստվեցավ գնալու։ Կինը հանգիստ քնած էր։ Նա դուրս եկավ տնից և քայլերն ուղղեց դեպի անտառը։ Այդ միջոցին ամառանոցի բոլոր փողոցները գրեթե դատարկ էին։ Առհասարակ առողջապահության կանոններն անգիր արած և առողջության ետևից