Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/140

Այս էջը հաստատված է

— Ես վճռել եմ, որ պետք է․․․ հեռանամ...— առաջվա նման արտասանեց իշխանուհին։

— Սո՛ֆիա...— կրկնեց Հարունյանը։

Այս անգամ իշխանուհին կամաց բարձրացրեց գլուխը և նայեց նրա աչքերին։

— Բայց իմ հեռանալուց հետո, երբ մենք այլևս երբեք չենք տեսնիլ միմյանց, դուք կմոռանա՞ք ինձ,— ասաց նա։

— Սո՛ֆիա,— այս անգամ ծանր կերպով հառաչեց Հարունյանը։

— Համոզված եմ, որ չեք մոռանալ, Հարունյան,— շարունակեց իշխանուհին։— Համոզված եմ, որ ինձ միշտ կհիշեք... Եվ միակ երջանկությունը, որ ես պետք է տանեմ ինձ հետ, այդ կլինի... Ա՛խ, Հարունյա՛ն, Հարունյա՛ն, ինչու բախտը հանդիպեցրեց մեզ միմյանց, և եթե հանդիպեցրեց, ինչո՞ւ այսպիսի պայմանների մեջ... Սակայն մի կարծեք, թե ես անիծում եմ մեր հանդիպումն, ընդհակառակն— ես ի սրտե օրհնում եմ այն րոպեն, երբ առաջին անգամ տեսա ձեզ, որովհետև այդ ժամանակ գտա մի մարդ, մի վեհ, մի առաքինի մարդ, որ հետո, շատ հետո յուր բարոյական անպարտելի ուժով կարողացավ բարոյական վերածնություն տալ ինձ— մոլորված-ապականված հասարակության այս մոլորված և ապականված ծնունդիս... Թշվառ զոհի նման ես չեմ հեծեծում և չպետք է հեծեծամ այն հոգեկան տանջանքների տակ, որ բախտը ձեր միջոցով տվել է ինձ. ես օրհնում եմ այդ տանջանքները, ես սիրում եմ այդ տանջանքները, որովհետև դրանց մեջ ես գտնում եմ միայն ինձ հասկանալի հոգեկան մի տարօրինակ, բայց վսեմ քաղցրություն... Սիրտս, հոգիս, ամբողջ գոյությունս այս րոպեիս անասելի կերպով վշտում է, բայց ես երջանիկ եմ, որովհետև ձեզ մոտ եմ, տեսնում եմ ձեզ, խոսում եմ ձեզ հետ, և դուք հասկանում եք ինձ. հասկանում եք և կարեկից, մասնակից եք լինում իմ վիճակիս․․․ իսկ այդ շատ է, շատ-շատ է ինձ համար... այո՛, այդ բավական է, որ ես ինձ երջանիկ զգամ... ախր չէ՞ որ այս ահագին աշխարհիս մեջ առանց ձեզ ես մենակ կլինեի, մենակ, ինչպես մի ամայի անապատի մեջ․․․ Ա՜խ, եթե գիտենաք, թե ո՛րքան փոխվել եմ ես․․․ Բայց գիտե՞ք, թե ի՞նչ էի ես առաջ։ Ես ամուսին ունեի,