Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/149

Այս էջը հաստատված է

Հետևյալ օրն Արմենակը վերադարձավ քաղաքից։ Մտնելով եղբոր և հարսի մոտ, նա բացականչեց.— ծիծեռնակին քաղաքում տեսա, մի՞թե գարունն արդեն հեռացել է այստեղից։

ԺԹ
ՎԵՐՋԻՆ ՄԻ ՓՈՔՐԻԿ ԳԼՈԻԽ

Այդ օրից անցել էր մի ամբողջ շաբաթ։

Կեսգիշեր էր։

Հարունյանը նստած էր բազկաթոռի մեջ, իսկ նրա հանդեպ գահավորակի վրա՝ նրա կինը։ Հարունյանը նստած էր անշարժ և գլուխը խոնարհած. նա հանդարտ խոստովանության նման ինչ-որ բան էր պատմում։ Կինը նստած էր նույնպես անշարժ. փոքրիկ, սիրուն գլուխը հենած ձեռքի վրա՝ նա անթարթ աչքով նայում էր սենյակի անկյունին և ամենայն ուշադրությամբ լսում էր ամուսնուն։

Պատմությունը երկար տևեց։ Երբ վերջացավ, երկու ամուսիններից ոչ մեկը մի մազաչափ անգամ չփոխեց յուր դրությունը։

Լռությունը կատարյալ էր։

Վերջապես Հարունյանը կամաց բարձրացրեց գլուխը և նայեց կնոջ դեմքին։

Կնոջ գեղեցիկ աչքերից հանդարտ կերպով բխում էին արտասուքի փայլուն կաթիլներ, գլորվում էին նրա գունատ այտերի վրայով և թրջում էին նրա քնքուշ, նիհար ձեռքը։

Բայց ո՞վ կարող է մեզ ասել, թե այն ի՛նչ արտասուքի կաթիլներ էին...

1887