Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/153

Այս էջը հաստատված է

ի՞նչ ես անում, ո՞րտեղ ես թափառում, քանի ժամանակ է չենք տեսել իրար։

— Ճանապարհորդում էի։

— Ի՞նչպես թե ճանապարհորդում։

— Ճանապարհորդելն ի՞նչպես կլինի։

— Մի քաղաքից մյո՞ւսն էիր գնում, մի երկրից մյո՞ւսը։

— Այո։

— Հետո՞։

— Հետո ի՞նչ։

— Ինչո՞ւ համար։

— Հենց այնպես։

— Ինչպես թե հենց այնպես, զվարճությա՞ն համար։

— Կարող ես և այդպես հասկանալ,— ասաց ժպտալով Զազունյանը։

— Չէ, հավատացիր, Արսեն, ինչո՞ւ ես ճանապարհորդում. մի նպատակ կունենաս, իհարկե։

— Ոչ մի նպատակ չունեմ,— ասաց Զազունյանը։

— Է՜, ուրեմն ասա թափառում եմ, է՜լի,— կանչեց Զաքարը։— Երևի կյանքն արդեն ձանձրացրել է քեզ։ Հա՞։ Բայց չեմ կարծում. դու այնպիսի մարդկանցից չես, որ կյանքն երբևէ ձանձրալի թվա քեզ։ Կյանքից էլ քաղցր բա՞ն աշխարհիս երեսին։ Բայց դեռ մի եկ ծանոթացնեմ քեզ կնոջս հետ։ Չէ՞ որ ես արդեն ամուսին և հայր եմ և այնքան երջանիկ, որ դու իսկի մտքովդ էլ չես կարող անցկացրած լինել։

Եվ բռնելով Զազունյանի թևից, Զաքարը տարավ նրան կնոջ ու որդու մոտ, որոնք մինչև այդ ժամանակ հետաքրքրությամբ նայում էին իրենց բոլորովին անծանոթ պարոնին։

2

— Էմմա, ներկայացնում եմ քեզ իմ վաղեմի ամենալավ և ամենասիրելի ընկերոջս ու բարեկամիս— Արսեն Զազունյան։

Զազունյանը լուռ գլուխ տվեց։

Էմման նույնպես լուռ ողջունեց։

— Այս էլ որդիս՝ Արամիկը,— ներկայացրեց Զաքարը՝ հոր երջանիկ ժպիտը դեմքին։