Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/158

Այս էջը հաստատված է

Բայց արի տես, որ նա մարդու հոգին ավելի լավ էր հասկացել։ Ի՞նչպես, կհարցնես։ Ահա՛ ինչպես։ Երբ Զազունյանին արձակեցին գիմնազիոնից, նա, իհարկե, այլևս գիմնազիոն չէր հաճախում։ Ամենքը խղճում էին նրան, բայց և հիանում էին նրա մեծահոգության վրա։ Իր զգաստ, ազնիվ և խելոք բնավորությամբ նա այնպիսի համակրություն էր վայելում բոլոր ընկերների մեջ, որ ուրիշ կերպ չէին կարող նայել այդ ցավալի դեպքի վրա։ Անցավ այդպես մոտ մի շաբաթ։ Մի օր հանկարծ, դասի ժամանակ, բոլոր դասարանի ներկայությամբ, վեր է կենում աշակերտներից մեկը և տեսչին խոստովանում է, որ հանցավոր աշակերտն ինքն է, որի պատճառով հեռացրել են Զազունյանին գիմնացիոնից— հասկանո՞ւմ ես— և խնդրում է, որ Զազունյանին նորից ընդունեն և եթե վռնդելու են, թող իրեն վռնդեն։ Ես լավ էի ճանաչում այդ աշակերտին, թեև աշխատասեր, բայց անբարոյական, վատ տղա էր, բացի դրանից, Զազունյանին սաստիկ թշնամի էր, որովհետև Զազունյանը միշտ նախատում էր նրան իր վատ արարքների համար։ Ամենքը զարմացան Զազունյանի ազնիվ սրտի վրա, որ նա իր թշնամու համար թույլ է տվել իրեն պատժելու։ Պակաս չզարմացան նաև այդ տղայի վրա, որ խոստովանում էր իր հանցանքը և խնդրում, որ իրեն պատժեն, իսկ Զազունյանին նորից ընդունեն։ Տեսնո՞ւմ ես, Զազունյանը ո՛րտեղ է ըմբռնել մարդու հոգին։ Այդպես էլ արին, այսինքն՝ Զազունյանին հետևյալ օրն ևեթ հայտնեցին , որ կարող է նորից գիմնազիոն հաճախել, իսկ այն տղային գիմնազիոնից վռնդելու փոխարեն մի ուրիշ պատիժ տվին, որովհետև նա այնքան ազնիվ էր գտնվել, որ իր հանցանքը իր բերանով էր խոստովանել։ Իսկ այդ օրից հետո, կհավատաս, առաջվա այդ անբարոյական տղան ուղղվեց և ամենասերտ կերպով բարեկամացավ Զազունյանի հետ։

Վերջին բառերն արտասանելով, Զաքարը հանկարծ նայեց կնոջը։

— Հը, չլինի՞ դարձյալ ուզում ես ծիծաղել,— ասաց նա։

Էմման նայեց նրան և ծիծաղեց։

— Դե ի՞նչ անեմ, ինքդ ես ստիպում, որ ծիծաղեմ,— ասաց նա։— Ես բոլորովին միտք էլ չունեի ծիծաղելու։