Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/160

Այս էջը հաստատված է

— Երևակայեցեք,— ասաց նա ժպտալով,— ամուսինս քնած է։

— Քնա՞ծ։

— Այո, ճաշը կերավ թե չէ, անմիջապես պետք է պառկի քնելու, և քնում է մինչև ժամը վեց-յոթ։

— Ճաշից հետո անմիջապե՜ս... Մարդը բժիշկ է, չգիտե՞, որ ճաշից հետո քնելը վնաս է առողջության։

— Խո գիտեք, սովորությունը երկրորդ բնավորություն է դառնում։ Ինչքան աշխատել եմ, որ թողնի այդ սովորությունը, չի լինում։ Այսօր էլ ասում եմ՝ ամոթ է, պ. Զազունյանը շնորհ պետք է բերի, մի՛ քնիր, որ ընդունես․— ոչինչ, ասում է, նա ինձանից չի նեղանա։ Այդպես էլ պառկեց ու քնեց. բայց ես իսկույն կզարթեցնեմ նրան։

— Չէ՛, չէ՛, տիկին, խնդրեմ,— շտապով ասաց Զազունյանը։— Թողեք, որ այսօր էլ ինձ համար բացառություն չկազմի։

— Ոչ, դուք ներում եք, բայց ես չեմ ների,— ուրախ կերպով բացականչեց էմման։— Ներեցեք, ես իսկույն...

Եվ նա շտապով դուրս գնաց։

Մենակ մնալով, Զազունյանը նայեց պատերից կախած լուսանկարներին և ձիթաներկ պատկերներին, հետո մոտեցավ լուսամուտներից մեկին և սկսեց դեպի դուրս նայել։

Չանցավ երեք րոպե, երբ խալաթը հագին, ուռած աչքերով, կարմրած դեմքով և խճճված մազերով, քնաթաթախ ներս վազեց Զաքարը։ Նրան հանդարտ հետևում էր էմման և ժպտում։

— Դու արդեն եկե՞լ ես, Արսեն ջան,— կանչեց Զաքարը, և քիչ մնաց գրկի նրան,— Բայց, եղբայր, ես քեզնից որ չեմ ամաչում, ինչո՞ւ կինս ստիպում է ինձ, որ ամաչեմ։

— Ինչո՞ւ,— պատասխանեց ժպտալով Զազունյանը,— որովհետև, ինչպես իրեն՝ հարգելի տիկնոջն էլ ասացի, ինքդ բժիշկ ես և ճաշից հետո անմիջապես պառկում ես քնելու։

— Ուզում ես ասել, որ ես առողջապահական կանոններին հակառա՞կ եմ գնում։ Ոչինչ, այդ իմ, այսինքն— բժշկի վերաբերմամբ նշանակություն չունի։ Այ, այն ժամանակ կարող էիք ինձ նկատողություն անել, երբ ես իմ հիվանդներին