Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/163

Այս էջը հաստատված է

ինձ, հիվանդիս հետ զանազան բաների մասին քաղցր մասլահաթ անելով՝ ավելի շուտ եմ հասկանում նրա հիվանդությունը, քան թե բժշկական գիտությամբ և գործիքներովս։

Էմման և Զազունյանը ծիծաղեցին, իսկ նրանց հետ և ինքը՝ Զաքարը։

— Սակայն ի՞նչ եմ ես այսպես հենց միայն իմ մասին պատմում,— ասաց նա։— Ճանապարհորդը դու ես, դու պետք է պատմես, թե ինչ ես տեսել, ինչ չես տեսել։ Այսքան ժամանակ հենց միայն ճանապարհորդո՞ւմ էիր։

— Կարելի է ասել այո,— հապաղելով պատասխանեց Զազունյանը։

— Առանց պաշտոնի՞։

— Համարյա թե։

Զազունյանի կցկտուր պատասխաններից երևում էր, որ նրան հաճելի չէր այդ հարցուփորձը։ Էմման այդ իսկույն նկատեց, բայց Զաքարն իր միամտությամբ շարունակեց իր հարցուփորձը։

— Հիմա ինձ այս ասա, Արսեն, ո՞ր քամին է քշել քեզ դարձյալ մեր կողմերը։

— Գնում եմ Շ․․․։ Դու խո գիտես, որ ես այնտեղ բավական ժառանգական կալվածներ ունեմ։ Մի քանի ազգականներ, օգտվելով բացակայությունիցս, այդ կալվածները համարյա թե սեփականացրել են։ Այժմ գնում եմ, որ դրա դեմն առնեմ։ Այդ մասին ես արդեն դատ եմ բաց արել։

— Ե՞րբ է նշանակված դատը։

— Երեք շաբաթից հետո։

— Ա՜յ, ինչ է նշանակում տուն, տեղ, հայրենիք, կալվածներ թողնել և անպաշտոն ճանապարհորդել,— ասաց Զաքարը։— Դեռ ես վախենում եմ, որ այդ կալվածներից դատարկ էլ նստես։

Զազունյանը ժպտաց։

— Մի՛ վախիր, դատարկ չեմ նստի,— պատասխանեց նա։

— Տա աստված։ Էմմա, ի՞նչ ենք անում. ինչո՞վ ենք պատվում մեր թանկագին հյուրին։

Էմման վեր կացավ ու դուրս գնաց թեյի մասին կարգադրություններ անելու։ Նախասենյակում ներս վազելով նրա դեմն ելավ Արամիկը, որն, աղախնի հետ զբոսանքի գնացած