Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/168

Այս էջը հաստատված է

տեղ պատասխանեց ինքը և հանելով կառքի վճարը՝ տվեց ծառային, որ կառքը ճանապարհ ձգի։

Սպասավորը դուրս գնաց։

6

— Այժմ դուք էիք ուզում մեզ ամաչեցնել, պ. Զազունյան,— ժպտալով դիմեց նրան էմման։

— Ես բոլորովին չէի կարծում, տիկին, թե դրանով ձեզ վիրավորած կլինեմ,— ասաց Զազունյանն անկեղծությամբ։— Խնդրում եմ, ներեցեք։

— Չէ, հիմա մեղա էլ կարդա,— կանչեց Զաքարը, նստելով բազկաթոռի վրա։— Դու մեզ այս ասա, այս քանի օրը ո՞րտեղ էիր։ Կինս այսօր իզուր չնկատեց, որ դու մեզ մոռացել ես։

— Այս քանի օրս այնպես զբաղված էի, որ բոլորովին ժամանակ չէի գտնում ձեզ այցելելու, ինչքան էլ այդ ինձ համար ցանկալի լիներ,— պատասխանեց Զազունյանը, նստելով աթոռի վրա, ինչպես միշտ սովորություն ուներ, ուղիղ, առանց դեմ ընկնելու նրա մեջքին։— Ձեզ, կարծես, ասել եմ, որ գործս երեք շաբաթից պետք է քննվի, այնպես որ ես հիմա շտապում եմ պատրաստություններս տեսնել։ Ահա, հենց հիմա էլ այդ գործի վերաբերմամբ բարեկամիս մի նամակ էի գրում (նա ցույց տվեց գրասեղանի վրա դրած թուղթն ու թանաքամանը)։

— Ո՞վ գիտե, մենք ձեզ խանգարեցինք,— ասաց էմման։

— Բոլորովին ոչ. ես արդեն վերջացրել էի։

— Ուրեմն դու անձամբ ներկա պետք է գտնվես գործիդ քննությանը,— ասաց Զաքարը։

— Անկասկած։ Եկող շաբաթ պետք է գնամ Շ...։

— Երկա՞ր կտևի դատը։

— Ո՞վ գիտե... բայց կարծում եմ, որ շուտով կվերջանա, բոլոր փաստերն իմ օգտին են խոսում։

Նա բացատրեց գործի դրությունը և այն փաստերը, որոնցով պետք է տաներ գործը։ Նա խոսում էր իրեն հատուկ վստահ, հանդարտ եղանակով և առանց բառերի մեջ շփոթվելու, կարծես ասելիքն առաջուց անգիր էր արել։ Երևում