Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/172

Այս էջը հաստատված է

ենք վարում և սիրում ենք այսպիսի կյանքը,— շարունակեց Էմման,— բայց և այնպես ձեր ներկայությունը մեզ համար միշտ հաճելի է։

— Այո, պարոն, ձեր ներկայությունը մեզ համար միշտ հաճելի է,— կնոջը նմանեցնելով ասաց Զաքարը։— Բայց ճաշին կգաս, գիտե՞ս, Արսեն, թե չէ՝ ուրիշ ժամանակ մենք չենք ընդունի քեզ, այս լավ իմացիր։

— Շատ լավ, շատ լավ,— ասաց Զազունյանը։

Նրանք սեղմեցին միմյանց ձեռքը, բարի գիշեր մաղթեցին և հեռացան միմյանցից։

7

Բաժանվելով Մարկոսյաններից, Զազունյանը դիմեց դեպի հյուրանոց։ Հակառակ իր սովորության՝ գնում էր դանդաղ քայլերով, ցիլինդրը աչքերի վրա վայր թողած և, գլուխը խոնարհած դեպի գետին։ Մինչև Մարկոսյաններից բաժանվելը ուրախ տրամադրության մեջ էր, բայց նրանցից բաժանվելուց հետո անզգալի կերպով փոքր առ փոքր սկսեց մտախոհության մեջ ընկնել, և միևնույն ժամանակ մի տեսակ հանդարտ տխրություն պաշարեց նրան։ Ի՞նչն էր նրա մտախոհության և տխրության պատճառը— ինքն էլ չգիտեր և բոլորովին չէր աշխատում իմանալ, կարծես, այդ այդպես էլ պետք է լիներ, ուրիշ կերպ չէր կարող լինել։ Ճանապարհին համարյա ոչինչ և ոչ ոքի չէր տեսնում։ Երբեմն միայն բարձրացնում էր գլուխը և այդ միջոցներին, ինչպես երազի մեջ կամ նիրհելիս, աղոտ կերպով տեսնում էր ծառեր, որոնք մայթի այս ու այն կողմն իրենց մերկ ճյուղերով ցից՝ անշարժ կանգնած էին. տեսնում էր անհամար վառ լապտերներ, որոնք շրջապատող մշուշի մեջ աղոտ լույս էին տարածում. տեսնում էր կառքեր, որոնք, իրենց լապտերների ցնցվող լուսով շտապով անցնում էին և փողոցի լռության մեջ ահագին դղրդոց էին բարձրացնում. հանդիպում էր մարդկանց, որոնք՝ ձեռքերը գրպանների մեջ դրած՝ նույնպես շտապով անցնում էին նրա մոտով։ Նա համարյա չիմացավ, թե ինչպես հասավ հյուրանոց և բաց արեց դուռը։ Շեկ ու նիհար ռուս դռնապանը, չնայելով, որ դեռևս վաղ էր, նիրհում էր իր աթոռի վրա։ Դռան բացվելու