Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/173

Այս էջը հաստատված է

ձայնը սթափեցրեց նրան և նա, աչքերը բանալով, վեր կացավ տեղից։ Զազունյանը մինչև անգամ չնայեց նրան և նույն դանդաղ քայլերով սկսեց բարձրանալ սանդուղքով։

Մի քանի աստիճան բարձրացած՝ նրա ականջին դիպավ հյուրանոցի դռան պինդ բացվելու և առավել ևս պինդ խփվելու չրխկոց, և միևնույն ժամանակ լսվեց երկու հոգու շտապ քայլերի և խոսակցության ձայն, որ, ինչպես երևում էր, մեկը տղամարդի էր պատկանում, մյուսն՝ կնամարդի։ Նա ետ չնայեց և նույն դանդաղությամբ, նույն մտախոհությամբ շարունակում էր բարձրանալ։ Սանդուղքի կիսում նոր մտածները հասան նրան, շարունակելով բարձրաձայն խոսել։ Նրանք խոսում էին ռուսերեն։ Զազունյանն ուշադրություն չդարձրեց, թե ինչ են խոսում նրանք, այլ միայն գլուխը կամաց բարձրացրեց և անուշադիր կերպով նայեց նրանց, երբ նրանք շտապով անցան նրա կողքից և բարձրանում էին։ Տղամարդու երկար շինելը ցույց էր տալիս, որ նա զինվորական էր։ Զազունյանը նրա դեմքը կարողացավ տեսնել միայն հարևանցիորեն։ Նրան հանկարծ թվաց, թե այդ զինվորականի դեմքը ծանոթ է իրեն, նույնպես և ձայնը, որը նրա մեջ ինչ֊որ մութ հիշողություն է զարթեցնում, բայց որովհետև նրան չհաջողվեց լավ տեսնել զինվորականի դեմքը կամ կրկին անգամ լսել նրա ձայնը, և, միևնույն ժամանակ, որովհետև ինքը մի տեսակ անորոշ դրության մեջ էր գտնվում, այդ պատճառով այլևս չաշխատեց իմանալ, թե որտեղ էր տեսել այդ դեմքը կամ որտեղ էր լսել այդ ձայնը։ Այնինչ կնոջ դեմքը նա պարզորոշ տեսավ։ Բարձրահասակ, տաք և գեղեցիկ հագնված, առողջ կազմվածքով, շիկահեր, կապուտաչյա, ավելի տգեղ քան թե գեղեցիկ, անդադար ժպտող, լիրբ հայացքով մանկահասակ կին էր։ Նա նայեց Զազունյանին, և նրա հայացքը վերջինիս դուր չեկավ։ Զազունյանը գլուխը խոնարհեց և, համարյա բոլորովին մոռանալով նրանց, նույն դանդաղությամբ, նույն մտախոհությամբ բարձրացավ նրանց ետևից։ Երբ միջանցքում նա գլուխը բարձրացրեց, նրանք այլևս չկային։ Նա բաց արեց իր սենյակի դուռը և մտավ։ Սեղանի վրա վառվում էին մոմերը։ Գլխից հանեց ցիլինդրը, դրեց բազկաթոռի վրա, իսկ ինքը նստեց սեղանի մոտ՝ աթոռի