Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/178

Այս էջը հաստատված է

ժամանակ խոսում էր այդ երկու նշանավոր հոռետես փիլիսոփաների վարդապետության մասին։

Էմման գործում էր և հետաքրքրությամբ լսում։ Նա բավական լավ կրթություն էր ստացել և ինչպես ամուսնանալուց առաջ, նույնպես և ամուսնանալուց հետո շարունակ պարապում էր ընթերցանությամբ, հետաքրքրվում էր գրական ամեն տեսակ նորություններով, այդ պատճառով Զազունյանի հայտնած կարծիքները և դատողությունները վերացական չպետք է թվային նրան, ընդհակառակն, նա շատ լավ հասկանում էր Զազունյանի ասածները Ա հարկավոր դեպքում ինքն էլ հայտնում էր իր կարծիքները, իսկ երբեմն էլ՝ հակաճառում նրան։

9

Խոսակցությամբ տարված՝ նրանք չնկատեցին, թե ինչպես ժամանակն անցավ։ Նրանք դարձյալ նույն նյութի մասին էին խոսում, երբ Զաքարը վերադարձավ պաշտոնատեղից։ Նա անչափ ուրախացավ, որ Զազունյանն եկել էր, և երբ իմացավ, թե խոսակցությունն ինչի մասին էր, ասաց, թե ինքն էլ ամենաոխերիմ թշնամի է հոռետեսության և ցավ հայտնեց, որ ինքը ներկա չէր եղել մի այդպիսի հետաքրքիր խոսակցության։ Նա չգիտեր ինչպես արտահայտեր իր ուրախությունը. իր սովորության համաձայն՝ շարունակ ծիծաղում էր, կատակներ անում, կամ խոսում էր լրջորեն Զազունյանի հետ, կնոջ հետ, երբեմն սրա մոտ նստելով, երբեմն — նրա մոտ, երեխայի նման խաղում էր Արամիկի հետ, երբեմն մատով ծածուկ խփում էր նրա գլխին և ցույց էր տալիս, թե խփողն ինքը չէ, դուրս ու տուն էր անում, երբեմն խոհանոց, երբեմն սեղանատուն, խոհարարի և ծառաների հետ կատակներ էր անում։

Ճաշը շատ առատ և համեղ էր. ինչ որ միտն էր ընկել և ինչ որ կարողացել էր, Զաքարը չէր խնայել։ Մանավանդ հիանալի էր գինին, որի վրա նա միշտ առանձին ուշադրություն էր դարձնում։ Սեղան նստած միջոցին անգամ նա մի րոպե հանգիստ չէր մնում, կարծես նրա համար էր միայն ստեղծված, որ միշտ ծիծաղի և կատակներ անի։ Սակայն