Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/186

Այս էջը հաստատված է

ասած խոսքերը համառորեն ամեն ինչ ետ էին մղում նրա ուղեղից, և իրենք միայն ուզում էին տպավորված մնալ այնտեղ։

«Է՜հ, վերջապես ինչ ուզում է, թող եզրակացնի», կամաց բացականչեց նա։ «Ես այդ խոսքերը բոլորովին անկեղծությամբ ասացի և ինչո՞ւ չպետք է ներելի լինի ինձ, կամ այստեղ ի՞նչ կա ամաչելու, ի՞նչ մի պախարակելի բան եմ ասել»։

Նա հանգստացավ, և ամոթի շառագույնը դադարեց այրելու նրա դեմքը։ Հեռացավ լուսամուտից և թեթև, անլսելի քայլերով սկսեց ետ ու առաջ գնալ սենյակում։ Նրա աչքերն ընկան սեղանի վրա ընկած ձեռագործին։ «Ես առանց չափազանցելու կասեմ, տիկին, շատ սիրուն և շատ սիրելի բան է», մտաբերեց նա Զազունյանի խոսքերը և այս անգամ արդեն ինքնաբավականության, և անմեղ հպարտության շառագույնը պատեց նրա դեմքը: Նա ժպտաց, ինչպես ժպտում են անմեղ, բարեսիրտ երեխաները, և շարունակեց քայլել ետ ու առաջ։ Այնուհետև նրա մտքում արագությամբ նորոգվեցին Զազունյանի դատողությունները։ Այդ դատողությունները նրան անսխալ էին թվում, և ինքը կատարելապես համաձայն էր նրա հետ։ «Այո, ամեն բան, ինչ որ գոյություն ունի աշխարհիս երեսին, ուղղակի թե անուղղակի դեպի լավը, դեպի բարին է ծառայում», շշնջաց նա Զազունյանի խոսքերը, և այդ ոչ թե նրա համար, որ ինքն անձամբ փորձված էր այդ բանում կամ, այդ հարցը խոր քննության ենթարկելով, այդ համոզմունքին էր հասել, այլ նրա համար, որ այդ ժամանակ այդպես էր զգում։ Այո, այդ ժամանակ Էմման զգում էր, որ աշխարհիս մեջ ամեն ինչ լավ և բարի է և վատ կամ չար ասած բան գոյություն չունի։ «Մարդիկ միայն բարի են ծնվում, իսկ չար— երբեք», հիշեց նա Զազունյանի ուրիշ խոսքերը— «և մինչև վերջն էլ այդպես մնում են», ավելացրեց նա իրենից։ Մի՞թե սխալ է այդ։ Սխալ չէ։ Ահա իր ամուսինը, որը նույնչափ լավ մարդ է, նույնչափ բարի է, որքան և Արամիկը։ Ահա ռուս աղախինը, հայ խոհարարը, հայ ծառան, դրանք բոլորն էլ լավ և բարի մարդիկ են։ Նույնպես և այդ միևնույն տան