Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/187

Այս էջը հաստատված է

հարևան բնակիչները. դրանց մեջ ոչ ոք վատ և չար մարդ չկա։ Նույնիսկ այն ուշացած պարոնը, որ փոքր-ինչ առաջ փողոցում շտապ անցնում էր, նա էլ շատ լավ և բարի մարդ էր երևում։ Վերջապես... ինքը— Զազունյանը... Մի՞թե նրանից էլ լավ, բարի, խելոք, ազնիվ, քաղաքավարի, սիրելի և... գեղեցիկ մարդ կա աշխարհիս երեսին... Ամենքը, ամենքը լավ և բարի են։ Եվ ինչո՞ւ բարի և լավ չպետք է լինեն, քանի որ կյանքն այնքան քաղցր և սիրելի է։ Նրա աչքն ընկավ պատից կախված մի գեղեցիկ նկարի վրա։ Նկարը ներկայացնում էր մի կաթոլիկ քահանա՝ սաստիկ հաստ փորով և չաղ, սափրած կլորիկ դեմքով։ Նա կանգնած էր գինու տակառի առջև և ձեռքին կարմիր գինով կիսալից մի բաժակ բռնած՝ հիացմունքով նայում էր նրա լույսի վրա։ Էմման, նայելով այդ նկարին, հանկարծ ծիծաղեց։

Ահա այդ քահանան էլ անշուշտ շատ լավ, բարի և զվարճասեր մարդ պետք է լինի. ի՛նչ վնաս, որ գինի շատ է սիրում. ո՞վ չունի որևէ պակասություն․..»։

Ժպտալով նա շարունակեց ետ ու առաջ քայլել սենյակում։ Կաթոլիկ գինեմոլ քահանան մոռացվեց, և նա շարունակեց մտաբերել այդ օրվա եղելությունը, որ նրա համար ամեն բանից քաղցր էր։ Ահա ճաշը։ Ինքը նստած է ուղիղ Զազունյանի դիմացը և... նայում է նրան։ Ի՜նչ լավ էր նրան նայելը։ Թեև սեղանը շատ առատ էր, և կերակուրներն ամենահամեղ, բայց ինքն ախորժակ չուներ ուտելու... Իսկ Զաքարն ի՜նչ ծիծաղելի էր, մանավանդ թուղթ խաղալիս։ Նա մտաբերեց Զաքարի կոմիկական անբավականությունն իր անհաջողությունից և ծիծաղեց։ Չէ, Զաքարը շատ ծիծաղելի է, շատ... Ահա և դաշնամուրի առջև նստած՝ նվագում է։ Ի՞նչ էր այն... Մո՞ցարտ... Շո՞ւբերտ... չէ, Բեթհովեն, Բեթհովեն... Ի՜նչ սքանչելի բան էր. կարծես ինքը չէր նվագում, այլ մի աներևույթ ուժ մտել էր նրա մատների մեջ և խաղում դաշնամուրի ստեղունքների հետ։ «Շնորհհակալ եմ, տիկին, շատ շնորհակալ եմ, դուք հիանալի նվագում եք։ Շնորհակալ եմ», հիշեց նա Զազունյանի խոսքերը, և նրա սիրտը երջանկությամբ մարեց։ «Դուք հիանալի նվագում եք»։ Մի՞թե այդ լոկ հաճոյախոսություն էր,