Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/19

Այս էջը հաստատված է

— Այս երրորդ օրն է, ինչ ես Թիֆլիսումն եմ։

— Մենա՞կ ես եկել Պետերբուրգից... ամուսինդ ո՞րտեղ է։

Իշխանուհի Մելիքյանը հայտնեց, որ ահա հինգերորդ տարին է գնում, ինչ յուր ամուսինը մեռել է թոքախտից։ Այդ բանը շատ վշտացրեց տիկին Հարունյանին և սաստիկ կտրեց նրա ուրախ տրամադրությունը։ Նա ծանոթացել էր Սոֆիայի երիտասարդ իշխան-ամուսնու հետ, երբ նրանք դեռ նշանված էին։ Նա շատ ափսոսաց և հայտնեց յուր անկեղծ ցավակցությունը, բայց մի բան, որ շատ զարմացրեց նրան, այդ իշխանուհու անտարբերությունն էր, որով նա հաղորդեց յուր ամուսնու մահը. կարծես այդ հասարակ և իրեն չվերաբերող մի դեպք լիներ։ Ոչինչ ակնհայտի պատճառ չգիտենալով, նա ստիպված էր այդ վերագրել ավելի ժամանակին, որ գուցե մոռացնել էր տվել նրան այդ վիշտը, քան նրա անտարբերությանը դեպի ամուսնու հիշատակը։

Այնուհետև իշխանուհին սկսեց պատմել յուր անցյալից, յուր ճանապարհորդությունից, յուր Պետերբուրգում վարած կյանքից։ Նա հայտնեց, թե ինչու համար է եկել Թիֆլիս և որքան ժամանակ է մտադիր այնտեղ մնալու։ Նա այդ բոլորը պատմում էր իրեն հատուկ անսխալ արագախոսությամբ և ազնվական քաղաքակիրթ կնոջը վայել համարձակությամբ ու միմիկաներով, նայելով ընդ նմին երբեմն տիկին, երբեմն պարոն Հարունյանին։

Վերջինս նստած բոլորովին հանդարտ, ըստ երևույթին, լսում էր նրան հետաքրքրությամբ, բայց նա իսկապես զբաղված էր այն մտքով, թե ի՛նչ տեսակ կին էր այդ կինը։ Տակավին յուր կյանքի մեջ նա այդպիսի չքնաղ, համարձակ, շարժուն և ոչ մի բանից չքաշվող կին չէր տեսել։ Մանավանդ նրան հիացնում էին նրա երկար թերթերունքներով կրակոտ, թուխ աչքերը, որոնց երբեմն յուր վրա գցած թափանցող հայացքներին նա հազիվ էր կարողանում դիմանալ, չնայելով յուր բոլոր սառնությանն ու անտարբերությանը։ Այդ աչքերի մեջ նա զգում էր անհաղթ համարելի մի տեսակ ուժ, որ կոչվում էր «կնոջ ուժ», այնպես որ, նա կարծում էր, եթե այդ աչքերը խլեին նրանից և դրանց տեղը