հրավիրեցին երկրորդ մասը։ Նա արդեն գնել էր, ինչ որ հարկավոր էր, և նայում էր այնտեղ դարսած մանր-մունր առարկաներին, երբ հանկարծ խանութի առաջին մասից լսվեց Զազունյանի ձայնը։
— Կարծեմ այստեղ նվիրատվություն է ընդունվում մի չքավոր ընտանիքի օգտին,— ասում էր նա։
— Այստեղ է ընդունվում,— եղավ պատասխանը։
— Խնդրեմ նվիրատվության ցուցակը։
Էմման հիշեց, որ երկու օր առաջ լրագրում մի լուր էր տպված, որով հրավիրում էին բարեգործների ուշադրությունը, թե այսինչ խանութում մի շատ չքավոր ընտանիքի օգտին նվիրատվություն է հավաքվում։ Նա նայեց դեպի խանութի առաջին մասը, բայց մի քանի գնորդ կանայք և բաժանող կամարի պատը խանգարում էին նրան տեսնելու Զազունյանին։ Սակայն մի քանի րոպեից հետո էմման տեսավ նրան, երբ նա արդեն դուրս էր գնում խանութից։ Նա շտապով մի քանի մանր-մունր բաներ էլ գնեց և Արամիկի հետ դուրս եկավ խանութի առաջին մասը։
— Չքավոր ընտանիքի օգտին այստե՞ղ է ընդունվում նվիրատվությունը,— հարցրեց նա մի գործակատարի։
— Այո, տիկի՛ն։
Էմման հանեց հինգ ռուբլիանոց մի թղթադրամ, անխոս տվեց նրան, և առնելով Արամիկի ձեռքը, ուզում էր դուրս գնալ։
— Չստորագրեցիք, տիկին,— քաղաքավարությամբ նկատեց նրան գործակատարը, բաց ցուցակն ու գրիչը առաջարկելով նրան։
Էմման առավ գրիչը, և նախքան ստորագրելը, կարդաց վերջին նվիրատվությունը, որ, ինչպես երևում էր, Զազունյանինն էր. «Ոմն— 20 ռ․»։ Նա շտապով հանեց դարձյալ հինգ ռուբլի, տվեց գործակատարին և ստորագրեց․ «Մի տիկին— 10 ռուբլի»։ Այնուհետև առանց նայելու գործակատարին, առանց նայելու իր շուրջը, կարծես ամաչելով, վերցրեց գնած իրերն, առավ Արամիկի ձեռքը և շտապ դուրս գնաց խանութից։ Ինչ-որ ախորժելի հուզմունք պաշարել էր նրան, մտքերը խառնվում էին նրա գլխում, և նա զգում էր, թե դեմքն այրվում է շառագունով։