Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/195

Այս էջը հաստատված է

ենք տարել։ Տոմսակը վերցնելուց հետո անցա Զազունյանի կողմը, բայց նրան չգտա հյուրանոցում։ Մտադիր եմ երեկոյան էլ անցնել— այն կողմը գործ ունեմ— այդ ժամանակ նա անպատճառ տանը կլինի, կվերցնեմ հետս, կգնանք, թեյ կխմենք, իսկ հետո միասին կգնանք թատրոն։ Ի՞նչպես է, հավանո՞ւմ ես ծրագիրս։

Էմման նայեց նրա բարի, ժպտուն աչքերին և ծիծաղեց։

— Հավանում եմ,— ասաց նա։ Նա ուզեց պատմել խանութի անցքը, բայց ամոթի նման ինչ-որ մի զգացմունք ստիպեց նրան լռել։

Ճաշից հետո՝ իր սովորության համեմատ՝ կուշտ քնելով, Զաքարն երեկոյան դուրս գնաց իր «ծրագրի» համեմատ գործելու։

Էմման սպասում էր, որ նա անպատճառ կգա Զազունյանի հետ, բայց նա մենակ վերադարձավ։

— Ես հուսահատված եմ, էմմա,— մտնելուն պես ասաց նա։— Այստեղից ուղղակի գնացի Զազունյանի մոտ, տանը չգտա։ Հետո գնացի գործիս և վերադառնալիս դարձյալ անցա նրա կողմը— դարձյալ այնտեղ չէր։ Սպասեցի մոտ տասն րոպե— չեկավ։ Ճարահատյալ, ահա, գալիս եմ մենակ։ Ի՞նչ արած, սիրելիս, առանց նրան պետք է գնանք։ Եթե նա գնալու է, ինքը կգա, բայց ես ուզում էի, որ միասին գնայինք և նստեինք։

Կինը սառնությամբ, կարծես վիրավորված, նայեց նրան և ոչինչ չպատասխանեց։ Մինչև Զաքարի գալը, երբ նա սպասում էր, որ Զազունյանը կգա նրա հետ, մեծ ցանկություն ուներ կոնցերտ գնալու, բայց այժմ այդ ցանկությունը մի ակնթարթում անցավ։

Մինչև թեյ խմելը էմման դեռ հագնված չէր։ Նա այնպիսի դանդաղությամբ էր խմում թեյը, որ կարծես բոլորովին մտադիր չէր այդ գիշեր տանից դուրս գնալու։ Զաքարը, որ թեյը առաջ դրած՝ զբաղված էր այդ օրվա լրագրերի ընթերցանությամբ, հանկարծ հանեց ժամացույցը և նայեց։

— Պահ, ժամը շուտով ութը կլինի,— բացականչեց նա։— Էմմա, ի՞նչ ես անում, գնա հագնվիր, է՜։ Դեռ դու թեյդ էլ չես վերջացրել։