Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/20

Այս էջը հաստատված է

դնեին ուրիշ աչքեր, նրա գեղեցկության ազդեցությունը ավելի քան կիսով չափ կթուլանար։ Հենց առաջին հայացքից այդ աչքերը նրան վտանգավոր թվացին։ Բայց մի բան նրան բոլորովին զարմանալի և անհասկանալի էր— այն է՝ թե ինչու այդ կինը նրան այդպես արտասովոր կերպով է նայում․ նրա հայացքները, կարծես, նրան փորձում, զննում, քննում էին... Եթե նա այդ վերագրում է նրա սովորությանը, առանձնահատկությանը, բայց այդ միևնույն աչքերը նայում էին յուր կնոջը կամ ուրիշներին սովորական կերպով. եթե վերագրում է նրա նոր ծանոթությանն, երբ առհասարակ նոր ծանոթներն առաջին անգամ սկսում են միմյանց խոր դիտել, որպեսզի լավ տպավորեն իրենց մեջ միմյանց կերպարանքը, բայց նրա հայացքները չափից անցնում էին... Ինչևիցե։ Բայց բանը սրանումն է, որ այդ միևնույնը զգում էր և՛ յուր վերաբերությամբ դեպի նա։— Նա չէր կարողանում նայել այդ գեղեցիկ կնոջը սովորական կերպով։ Ակամայից, ինքն էլ չհասկանալով թե ինչու, նա կամենում էր միշտ նայել նրա կրակոտ, թուխ աչքերին.․․

Օրկեստրն արդեն լռել էր։ Ներկայացման նշանակյալ ժամանակամիջոցը լրացել, և վերնահարկն անհամբերությամբ ծափահարում էր։ Լսվում էր և մի քանի ձեռնափայտերի թխկթխկոց հատակի վրա, չնայելով, որ այդ արգելված է, որպեսզի թատրոնում թոզ չբարձրանա։ Հնչվեցավ փոքրիկ զանգակի ձայնը, որ արդեն երրորդ անգամն էր, և վարագույրը բարձրացավ։

Իշխանուհի Մելիքյանը, շատ բան, հետևաբար և անթիվ այդպիսի ներկայացումներ տեսածի նման, մի անգամ նայեց բեմին և, այնտեղ տակավին ոչինչ չգտնելով, շարունակեց ցած ձայնով յուր զրույցը տիկին Հարունյանի հետ։ Իսկ պարոն Հարունյանը, որքան էլ աշխատում էր յուր աչքերն ու ուշքն ու միտքը կենտրոնացնել բեմի վրա, այնուամենայնիվ չէր կարողանում երբեմն իշխանուհուն չնայել և չպատասխանել նրա մի քանի հարցերին հայոց թատրոնի վերաբերությամբ, որի մասին այդ հայ քաղաքակիրթ կինը գրեթե ոչինչ տեղեկություն չուներ։ Պետք է ասած, ի դեպ, որ իշխանուհին շատ քիչ էր հետաքրքրվում այդպիսի գործերով ընդհանրապես և հայոց այդպիսի հիմնարկություններով՝